Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գ. Մինասյան.«Ընդդիմադիր զանգվածի ձայները սահմանափակ են, և դրանք պետք է պակասեին»
Ընտրական գործընթացների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հետ:
- Պարոն Մինասյան, ինչպե՞ս կգնահատեք անցած ողջ ընտրական գործընթացը:
- Պետք է ասեմ, որ սա փայլուն հաղթանակ էր և´ մեր ժողովրդի, և´ պետության համար: Այս հաջողության դափնիները հավասարապես կրում են և´ քաղաքական ուժերը` իշխանական ու ընդդիմադիր, և´ ժողովուրդը, որովհետև մենք առաջին հերթին մեզ, ապա և ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ որևէ բանով չենք զիջում Եվրոպական չափանիշներով ապրող ժողովուրդներին: Եվ կարող ենք անցկացնել ընտրություններ, որոնք դուր կգան ոչ միայն միջազգային դիտորդական կազմակերպություններին, այլ նաև մեզ: Ես կարծում եմ՝ սա չափազանց լավ ստարտ է ապագա փոփոխությունների ու բարեփոխումների համար, որի մասին ողջ ընտրական շրջանում այդքան երկար ու այդքան հիմնավոր խոսում էր Հանրապետական կուսակցությունը:
- Ձեր կարծիքով, ինչո՞ւ ՀՅԴ-ն նախորդ ընտրությունների համեմատ ավելի նվազ ձայներ հավաքեց:
- Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հինգ տարի լինելով իշխանության մեջ, ունենալով իշխանական լծակներ, իր ողջ քարոզարշավն իրականացրեց որպես ընդդիմություն և բնական է, որ ընդդիմադիր զանգվածի իրական ձայները հավաքագրեց իր մոտ: Իսկ ընդդիմադիր զանգվածի ձայները սահմանափակ են և դրանք պետք է պակասեին և Դաշնակցության մոտ, և ՀԱԿ-ի մոտ: Այնպես որ այս պատկերը, որ այսօր ձևավորվել է, չափազանց բնական է, և ես կարծում եմ` գոնե Դաշնակցությունը և ՀԱԿ-ը չպիտի անակնկալի գան, որովհետև դա հենց իրենց կողմից իրականացված քաղաքական որոշումների օրինաչափ և բնական հետևանքն է: Ընդդիմությունն իր ձայները սիրահոժար նվիրաբերեց ԲՀԿ-ին:
- Հաշվի առնելով նախընտրական ողջ գործընթացը, քաղաքական ուժերի հայտարարություններն ու մարտավարությունը, կոալիցիայի ի՞նչ հնարավոր տարբերակներ եք տեսնում:
- Կարծում եմ, այսօր այդ մասին խոսելը դեռ վաղ է: Այսօր Հանրապետական կուսակցությունն ունի բավարար թվով ձայներ, որպեսզի կարողանա ձևավորել մեծամասնություն և կառավարություն, բայց մյուս կողմից մենք ունենք ավանդույթ, որը թույլ է տալիս համախմբել ուժերը և այդ ուժերի համախմբման ճանապարհով լուծել այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք առաջիկայում: Ես կասեմ, որ այս տեսակետից դեռ կգնան քննարկումներ, որպեսզի բյուրեղանա այն պատկերը, որը կլինի օպտիմալը պետության և ժողովրդի առաջ դրված խնդիրների տեսանկյունից: