Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամեն ինչ անելու եմ փողոցում լինելու համար, դուք դա կտեսնեք. Արամ Զավենիչի ճեպազրույցը (տեսանյութ)
«Թե ես, թե կուսակցությունը մտնում ենք շատ կարևոր, լուրջ շրջան, երբ որոշումները չափից ավելի կարևոր են և ձեր ներողամտությունն եմ հայցում այս շրջանում խնդիրների լուծման համար որոշակի ժամանակ ուզելու առումով: Կուսակցության քննարկումներից հետո, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հասանելի կլինեմ և կպատասխանեմ ձեր բոլորի հարցերին», -այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարության ընթերցումից հետո ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը և ասաց, որ չի պատասխանի որևէ հարցի:
Այնուամենայնիվ, լրագրողները համառեցին, և նա մի քանի հարցի պատասխանեց:
-Համագումարը ե՞րբ է լինելու
-Այդ հարցը կորոշի կուսակցության քաղաքական ակտիվը: Նախնական տվյալներով, ասեմ, որ դա կլինի սեպտեմբերի վերջին: Մինչև այդ ասեմ, որ մենք հակված ենք շփվել քաղաքացիական հասարակության անդամների հետ: Ես համոզված եմ, որ այս երկրի բնակչության իննսուն տոկոսը և ավելին փոփոխություն է ուզում: Պատահական չեմ համարում, որ նույն իշխանությունը փոփոխություն բառն օգտագործեց ու դրանով քվեներ հավաքեց: Ես հակված եմ փոփոխություն ուզող մարդկանց տեսակետները հաշվի առնել, իրենց մոտեցումների հետ կապված քննարկումներ անցկացնել և այդ մարդկանց համախմբել: Ես տեսնում եմ, որ ժողովուրդն այդ պոտենցիալն ունի և այդ առումով լուրջ աշխատանք է պետք իրականացնել:
-Ակնհայտ է, որ դուք նոր քաղաքական ուժ ձևավորելու ճանապարհին եք, բացառո՞ւմ եք, որ իշխանական որոշ կուսակցությունների հետ կհամագործակցեք:
-Ես չեմ բացառում քաղաքական դաշտում քաղաքական ուժերի, անհատների հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը: Սա մեր երկիրն է, և մեր երկրում բոլորը բացառությամբ նրանցից, ովքեր այս ժողովրդի առաջ ազնիվ չեն եղել, ովքեր սեփական շահը գերադասել են հասարակական շահից և ովքեր միանշանակ ընկալում չունեն և այսօրվա իրավիճակի համար պատասխանատու են, բացառությամբ այդ ուժերի, համագործակցությունը համարում եմ շատ հնարավոր:
-ՀԱԿ-ի հետ տարաձայնությունները երբվանի՞ց են ի հայտ եկել:
-Անցած տարի գարնանից են ի հայտ եկել: Դուք բոլորդ հիշում եք այդ ժամանակահատվածը:
Իսկ ե՞րբ հայտնի կդառնա ՀԱԿ-ից դուրս գալու կամ չգալու մասին վերջնական պատասխանը
Ամենայն հավանականությամբ, եկող երկուշաբթի-երեքշաբթի կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա:
-Պրն, Սարգսյան, տեղեկություն ունե՞ք ՀԱԿ-ում շատ են ձեր տեսակետը կիսողները
-Հարցումներ չենք արել, չգիտեմ
-ՀԱԿ-ից աղմուկով եք դուրս գալիս, ի՞նչ եք սպասում առաջիկայում
-Բացարձակապես աղմուկով դուրս չենք գալիս, դեռ հայտնի չէ, դուրս ենք գալիս, թե՞ ոչ: Չենք բացառում, որ դուրս կգանք, որովհետև տարաձայնություններ ունենք և դրանք ես, իսկապես, բարձրաձայնել եմ: Մենք մնացել ենք Հայ ազգային կոնգրեսում մի պարզ պատճառով, որ հայ ժողովուրդը ընդդիմադիր դաշտի համախմբվածությունը կարևորել է: Եվ այդ համախմբվածությունը և առաջիկայում Ազգային ժողովի ընտրություններին չխոչընդոտելու, ձայները չպակասեցնելու համար մենք մեր ներդրումն ենք ունեցել այդ գործում: Այսօր այդ գործընթացը վերջացել է, և մենք ազատ ենք մեր տեսակետներն ասելու: Կուզենայի ավելացնել նաև, որ Ազգային ժողովի մանդատը վայր դնելու որոշումս զուտ քաղաքական է և քաղաքական նկատառումներից ելնելով եմ դա անում: Ցավով եմ խոստովանում, որ ՀՀ ազգային ժողովը այդպես էլ չդարձավ քաղաքական մարմին, որը զբաղվեր լուրջ օրենսդրական գործունեությամբ: Այդ ազգային ժողովը դակիչ մարմին է դարձել նախագահ-կառավարություն շրջանակում և իջեցված հրահանգները նման մեծամասնության պարագայում այլ ելք չունի, քան դակելը: Բոլոր այն մարդկանց, ովքեր ազնվորեն գնում են Ազգային ժողով, հույս ունենալով, որ իրենցից բան է կախված և կարող են բան փոխել, հաջողություն եմ մաղթում, և իմ ներկայությամբ չեմ ուզում կաշկանդել, իմ իրատեսական, պրագմատիկ մոտեցումներով կասկածի տակ դնել իրենց աշխատելու ցանկությունը: Ես կարծում եմ, որ այդ օրենքների մասին իմ տեսակետը կարող եմ ասել ոչ միայն Ազգային ժողովում, այլ հասարակությանը լրատվամիջոցներով և հանրահավաքներով: Համոզված եմ, որ այս ժողովրդի իննսուն և ավելի տոկոսը ընդդիմություն լինելով, Ազգային ժողովում ներկայացված է 15-20 տոկոսը, ոչ ավելին: Ես գերադասում եմ այդ 90 տոկոսի հետ լինելու փողոցում և ամեն ինչ անելու եմ փողոցում լինելու համար, դուք դա կտեսնեք:
-Իսկ նախագահական ընտրություններում առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
-Առաջիկայում այդ հարցերին կպատասխանենք:
Նա նաև հայտարարեց, որ ՀԱԿ-ին չի առաջարկել հրաժարվել մանդատներից և այդ մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: «Ես իմ մանդատը վայր չեմ դնում որևէ մեկին Ազգային ժողով մտցնելու համար: Իմ համար էական չի, թե հաջորդ մարդն ով է, ով ուզում է մտնի, իմ որոշումը քաղաքական է և դա կախված է ՀՀ Ազգային ժողովի նկատմամբ իմ վերաբերմունքից», -հավելեց Արամ Զավենիչը: