Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Զինադադարի համաձայնագրի կնքումը կարևոր էր ոչ միայն ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման մասով, այլ նաև այն հանգամանքի, որ այդ փաստաթղթի տակ, հավասարը հավասարի պես իրենց ստորագրությունները դրեցին Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է բիշքեկյան համաձայնագրի ստորագրման 18-րդ տարին: Այն 1992 թվականի մայիսի 12-ին ստորագրել են Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները:
Նրա խոսքերով, ճիշտ է՝ արդեն 18 տարի է անցել այդ համաձայնագրի ստորագրումից ի վեր, ակտիվ ռազմական գործողություններ չկան, բայց չի էլ կարելի ասել, որ լիակատար հանգիստ կամ խաղաղություն է տիրում շփման գծում:
«Ադրբեջանը դրժում է իր իսկ կողմից ստորագրած պայմանագիրը, ինչն արտահայտվում է հրադադարի տարաբնույթ խախտումներով՝ դիվերսանտների ու դիպուկահարների ակտիվ գործողություններ, հայկական բնակավայրերի ուղղությամբ արձակվող կրակահերթեր»,- ասաց Է. Հովհաննիսյանը:
Հարցին, թե՝ եթե համեմատականներ տանենք 1994 թվականի և այսօր առկա իրողություններին, ապա ինչ եզրահանգումների կարելի է անել, փորձագետը նշեց. «Ի տարբերություն 1994-ին, այսօր և՛ ՀՀ-ն և՛ ԼՂՀ-ն ունեն ուժեղ ու կայացած բանակներ, 2011 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում և 2012 թվականի մայիսի 9-ին ԼՂՀ-ում կայացած զորահանդեսներն ու դրանում ցուցադրված զինատեսակները ասածիս վառ օրինակներից են: Եթե ադրբեջանական կողմը փորձի ամբողջական ձևով անտեսել 1994-ին ստորագրված պայմանագիրը, ապա դրանով վերջնական կապիտուլյացիայի կենթարկվի: Չնայած հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները խելամիտ կգործեն ու արկածախնդրության չեն գնա»: