Ջամալյան. Ադրբեջանը փորձում է հոգեբանորեն ներգործել Հայաստանի բնակչության վրա
Հասարակություն
12:35 16/05/2012

Ջամալյան. Ադրբեջանը փորձում է հոգեբանորեն ներգործել Հայաստանի բնակչության վրա

«Ադրբեջանը փորձում է օգտագործել հրադադարի ռեժիմին բնորոշ տագնապային ֆոնը` Հայաստանի հանրությունը կառավարելի դարձնելու նպատակով»,- այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հնչեցրեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։ «Հրադադարը պասիվ պատերազմ է, և հոգեբանորեն այդ իրավիճակը երկու կողմերի համար խոցելիություն է ենթադրում։ Կանխատեսելի չէ մոտալուտ ապագան, ուստի կա նաև տագնապ»,-պարզբանեց նա, նշելով, որ տագնապի կնիքը թե հայ, և թե ադրբեջանցի հասարակությունների վրա է։

Ըստ փորձագետի` Ադրբեջանը փորձում է հատուկ քարոզչությամբ հոգեբանական ներգործություն իրականացնել Հայաստանի բնակչության վրա` Արցախի ազատագրված գաղափարի դեմ ստեղծելով բացասական ֆոն։ «Դրա հիմնական նպատակն այն է, որ հայ հանրության սոցիալական և այլ դժգոհություններն ուղղորդվի Արցախի վրա, և ստեղծվի այնպիսի մի մտայնություն, որ բոլոր դժվարությունների պատճառն Արցախն է, ու եթե այն վերադարձվի Ադրբեջանին, խնդիրները կլուծվեն», - նշեց բանախոսը, մտահոգություն հայտնելով, որ կենցաղի խնդիր ունեցող մարդը կարող է հեշտությամբ տրվել այդ քարոզչությանը:

«Ուստի մենք պետք է հանրությանը հասցնենք, որ Արցախը հանձնելով չէ, որ այդ բոլոր խնդիրները կլուծվեն»,- հավելեց Դ.Ջամալյանը։

Placeholder
Ջամալյան. Ադրբեջանը փորձում է հոգեբանորեն ներգործել Հայաստանի բնակչության վրա