Աշոտյանը վստահեցնում է՝ ոչ մի տեսակի բուհերի խոշորացման ծրագիր այս պահին, անգամ նախագծային տեսքով, գոյություն չունի
Օրվա թեմա
15:03 17/05/2012

Աշոտյանը վստահեցնում է՝ ոչ մի տեսակի բուհերի խոշորացման ծրագիր այս պահին, անգամ նախագծային տեսքով, գոյություն չունի

«Տեսան Բրյուսովը չի ստացվում, հիմա փորձում են ակտիվացնել այլ բուհերի մասին խոսակցությունները: Երևանի պետական կոնսերվատորիան Հայաստանի ամենաուժեղ ավանդույթներ ունեցող լավագույն բուհերից մեկն է, որի կրթության պահանջարկը ձևավորվել է ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում»:  Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հերքելով Կոնսերվատորիան Մանկավարժական համալսարանին միացնելու մասին լուրերը:

Նրա խոսքերով՝ կա մարդկանց որոշակի շրջանակ, ովքեր զբաղվում են նման տեսակի` իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելով:

Ա.Աշոտյանի խոսքերով՝ որևէ ծրագիր` փակելու Կոնսերվատորիան, միացնելու այլ բուհի հետ, գոյություն չունի և գոյություն ունենալ չի կարող: «Ես ափսոսում եմ, որ իմ և ձեր աշխատանքային ժամանակը վատնում ենք նմանատիպ չարակամ մարդկանց կողմից նման տեսակի ապատեղեկատվությունների հերքման վրա»,- նշեց նախարարը:

Ըստ նրա՝ ոչ մի տեսակի բուհերի խոշորացման ծրագիր այս պահին, անգամ նախագծային տեսքով, գոյություն չունի: Հատկապես Կոնսերվատորիան, Աշոտյանի խոսքերով, ելնելով կրթության առանձնահատկություններից, չի կարող միացվել և ոչ մի այլ բուհի:

Նա միաժամանակ նշեց, որ բոլոր երկրներում կոնսերվատորիաները առանձնացված ուսումնական հաստատություններ են` հաշվի առնելով կրթության առանձնահատկությունները և համադրելի ու համատեղելի չեն և ոչ մի այլ բուհի հետ:

Ա.Աշոտյանը վստահեցրեց, որ նախարարությունը և կառավարությունը պետական բուհերի խոշորացման ծրագիր չունեն և չեն ունենալու նաև մոտ ապագայում: «Ոչ կոնսերվատորիան, ոչ Բյուրոսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ֆիզկուլտ ինստիտուտը, Գյուղատնտեսական ակադեմիան, ինչ բուհ գիտեք Հայաստանում, բոլորի մասով ես ի սկզբանե այս պահին հերքում եմ ցանկացած տեսակի միավորումների և շենքերի վաճառքի մասին խոսակցությունները»,- ընդգծեց ԿԳ նախարարը:

Placeholder
Աշոտյանը վստահեցնում է՝ ոչ մի տեսակի բուհերի խոշորացման ծրագիր այս պահին, անգամ նախագծային տեսքով, գոյություն չունի