xxxxxՄ. Ղազարյան. Դրանք գյուլնազ տատու հեքիաթներից են
Քաղաքական
13:45 23/05/2012

xxxxxՄ. Ղազարյան. Դրանք գյուլնազ տատու հեքիաթներից են

«Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը հրավիրված չի եղել երեկ «Ռենեսանս» ռեստորանում 18-րդ ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արայիկ Գրիգորյանի պատվին հրավիրած ՀՀԿ-ի քեֆ ուրախությանը, որին ներկա է գտնվել նաև հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այս մասին նա հայտնեց Panorama.am-ին տված հարցազրույցում:

«ՀՀԿ-ակտիվի խնջույքին հրավիրված չլինելու մասին հարցրեք հրավիրող կողմին, իսկ ես հետո կորոշեմ նեղանալ, թե չնեղանալ ինձ չհրավիրելու համար, և հետո ումից նեղանալ… մարդիկ այսօր հարսանիք էլ են անում շատերին չեն հրավիրում, ինչ կա որ..

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում երեք անգամ ՀՀԿ-ն առաջադրել և պաշտպանել է «Վեդի ալկոյի» սեփականատիրոջ թեկնածությունը: Իսկ թե ինչո՞ւ է գործարարն անտեսվել իրեն հոգեհարազատ կուսակցության և իր ընտրատարածքի ՀՀԿ-ի ակտիվի կողմից, կարելի է թերևս մի քանի ենթադրություն անել՝ սկսած 2008-ին Մ. Ղազարյանի կողմից երամը դավաճանելու հայտնի դեպքից (որոշ պատգամավորների հետ ծածուկ ինչ-որ թղթեր էին ստորագրել՝ անցնելու Լ.Տեր-Պետրոսյանի ճամբարը) վերջացրած այն փաստով, որ ՀՀԿ-ի շողքի տակ ամրացած նախկին պատգամավորը ԱԺ ընտրություններին աշխատել է ՀՀԿ-ի պաշտպանած թեկնածուի դեմ:

Չնայած սեփական դարպասին գոլ խփելու հարցում Մանվել Ղազարյանն ունի իր պատճառները՝ 18 ընտրատարածքում ՀՀԿ-ի պաշտպանած թեկնածու Արայիկ Գրիգորյանի (Ավշար ալկոյի սեփականատեր) մրցակից Ռազմիկ Թևոնյանին սատարել է իր ընտանիքի հետ քավոր-սանիկական հարաբերությունների պատճառով, ինչը ավելի բարոյական է համարում, քան քաղաքական հայացքները:

-Մեծամասնականով թիվ 18 ընտրատարածքում առաջադրված էր իմ առնվազն 25 տարիների մարտական ընկերը, ում ընտանիքի կնքահայրն եմ ես: Այնպես որ սխալ է գործ սարքելու համար ասել, ՀՀԿ-ի խմբակցության անդամ Մանվել Ղազարյանը պաշտպանել է ոչ թե ՀՀԿ առաջնորդի սատարած թեկնածուին, այլ նրա մրցակցին: Նորմեր կան, որոնք բարոյական չէ ոտնահարելը, չի կարելի անցնել այդ հարաբերություններից: Իսկ եթե որևէ մեկը խնդիր ունի, ուրեմն դա իրա խնդիրն է…

-Իսկ ընտրություններից հետո շնորհավորե՞լ եք Արայիկ Գրրիգորյանին:

-Ինչ…(զայրանում է,-թղթ.): Ոչ, չեմ շնորհավորել, երեկ տեսել ենք իրար, բարևել ենք, բայց չեմ շնորհավորել, ուրիշ… էլ ինչ ա ձեզ հետաքրքրում:

-Իսկ համամասնականով հանրապետական կուսակցության համար աշխատե՞լ եք:

-Ընտրությունների ժամանակ ես աշխատել եմ հանրապետական կուսակցության օգտին մեր մարզում ՝ Արարատում, և Վայոց ձորում և դրա համար ես մեծ էներգիա եմ ծախսել: Երբևիցե ես ինչ արել եմ, երբեք չեմ սպասել, որ պետք է անպայման երախտիքի խոսքեր լսեմ (նկատենք, որ իր իսկ բնակավայրում՝ Վանաշեն գյուղում ՀՀԿ-ն պարտվել է ԲՀԿ-ին,-թղթ.):

-Միայն էներգիա՞ եք ծախսել, պարոն Ղազարյան:

-Ես ընտրությունները միշտ անցկացրել եմ առանց գումարներ ծախսելու: Ինչ անում եմ, անում եմ մինչ ընտրությունները լավություն, բարեգործություն, հոգատար դրսևորումներ:

-Դուք նպատակահարմար չգտաք վերստին առաջադրվելու՞, թե՞ Ձեր փոխարեն որոշում կայացվեց, որպեսզի Դուք չմտնեք խորհրդարան: Այս ընթացքում ոմանք կուսակցական դառնալու ճանապարհով մանդատի խնդիր լուծեցին, բայց Դուք չգնացիք դրան, ինչու՞:

-Ոչ, ես ընդհանրապես չեմ ուզում կուսակցության շարքերն անցնել, իսկ չառաջադրվեցի, որովհետև ես ոչ թե հոգնեցի այլ ձանձրացա օրենսդիրի աշխատանքից: Հիմա կզբաղվեմ իմ տնտեսությամբ ու դա ինձ ավելի հաճելի է:

-Չար լեզուներն ասում էին, որ Ձեր առաջադրվելու վերաբերյալ ՀՀԿ-ի մերժումից հետո կես միլիոն դոլարի շուրջ սկսել եք բանակցել ՀՅԴ-ի ցուցակում անցողիկ տեղ ունենալու համար, մասնավորապես Հրանտ Մարգարյանի հետ:

-Լավ, դրանք գյուլնազ տատու հեքիաթներից են: Ընդհակառակը, ինձ առաջարկներ են եղել ընդգրկվել տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակում, ես հրաժարվել եմ: Որովհետև որոշել էի՝ այլևս չմտնել ԱԺ որպես պատգամավոր:

-Ինչպես են ընթանում գործերը բիզնես ոլորտում, ինչ հաջողություններ ունե՞ք:

-Գործերս այնպես է, ինչպես բոլորի մոտ: Շատ լավ չեն, բայց չեմ էլ կարող ասել, թե շատ վատ են: Արտահանման ծավալների հետ կապված նոր ծրագրեր ունենք, իրագործման փուլում են, հուսանք իրավիճակը կփոխվի:

-Վերջին 3 գումարման ԱԺ-ում պատգամավոր եք եղել: Որքանո՞վ կարողացաք ձեր բիզնեսին համար արդյունավետ աշխատել:

-Բացարձակապես չի օգնել, ընդհակառակը՝ պատգամավոր լինելն ինձ միայն խանգարել է:

-Ինչո՞վ:

-Դե… հիմա չեմ ուզում մանրամասնել, բայց թեկուզ մենակ էն բանով, որ ես չէի հասցնում իմ աշխատանքով զբաղվել, մանավանդ, որ դա նաև օրենքով արգելվեց: Հանրօգուտ աշխատանքով էի զբաղված ու քաղաքացիական պարտքս էի կատարում ժողովրդի ու հայրենիքի առաջ (նկատի ունի պատգամավոր լինելը,-թղթ):
Հիմա առավոտից մինչև ուշ երեկո կզբաղվեմ իմ տնտեսությամբ:

-Բայց Դուք առանձնապես մի ակտիվ օրենսդրական գործունեություն չէիք էլ ծավալում, ավելին Դուք ամենից շատ բացակայող պատգամավորների շարքում էիք:

-Դե հիմա զանգել եք էդ հարցերը պարզե՞ք…

-Իսկ ինչպե՞ս ծառայեցիք ձեր ընտրողին ու հայրենիքին:

-Նորմալ:

-Այնքան նորմալ, որ կարող էիք 4-րդ անգամ առաջադրվել ու ընտրվե՞լ նույն ընտրատարածքից:

-Էդ իրենց պիտի հարցնեք ձայն կտային թե ոչ, բայց հիշեք՝ նույն ընտրազանգված ինձ երեք անգամ իր ձայնն է տվել:

-Բայց 3 անգամն էլ Դուք լուրջ մրցակիցներ չեք ունեցել և Ձեզ սատարել է իշխող Հանրապետական կուսակցությունը:

-Հիշեցնեմ ձեզ՝ գոնե վերջին երկու ընտրություններին ունեցել եմ մի հակառակորդ թեկնածու, որը համառ պայքար է տարել մինչև վերջ, արդյունքում հաղթել եմ 60-40 % հարաբերակցությամբ: Ես ոչ թե հոգնեցի այլ ձանձրացա օրենսդիրի աշխատանքից, կշտացա քաղաքական գործունեությունից, դրա համար էլ ընտրեցի իմ տնտեսությունը:

-Բայց դժվար է ձեզ հիշել երբևէ քաղաքական դիքորոշում հայտնելիս այս կամ այն հարցի վերաբերյալ քաղաքական մեկնաբանություներ անելիս:

-Դե ինչ ասեմ, էդ էլ ձեր խնդիրն ա: Լսի հիմա սենց հեռախոսով սկսեցի վրդովվել քո հարցերից, էդ ձևից, կոնկրետ հարցեր տվեք, թե չէ կավարտենք էսքանով:

-Ասում են հանրապետականները երես են թեքել ձեզանից, նրանց կոկորդին է դեռ մնացել 2008-ին Լևոն Տեր-պետրոսյանի կողմն անցնելու համար ձեր չարաբաստիկ ստորագրությունը:

-Է՜.. անցած դարն անցանք, ուրիշ, էդ հարցին չեմ ուզում անդրադառնալ, իզուր ինտրիգներ մի փնտրեք, անցանք, հետո..

-Իսկ ձեր հարաբերությունները շարունակու՞մ եք պահպանել հանրապետակաների հետ, ովքե՞ր էին ձեզնից նեղսրտած ընկերները:

-Ձեզ ինչ թե ովքեր են իմ ընկերները, ինչու՞ ձեզ պիտի «աչոտ տամ»… Ումից նեղանային, ոչ մի նեղացածության խնդիր էլ չի: Բոլոր էն անձնավորությունները, ում հետ 12 տարի աշխատել եմ բոլորն էլ իմ գործընկերներն են: Ես հանրապետականների հրավիրած ոչ բոլոր միջոցառումներին եմ մասնակցում, իսկ ՀՀԿ-ի վերջին համագումարին հրավիրված եմ եղել, բայց հիմա չեմ էլ հիշում, թե ինչ պատճառով չեմ մասնակցել:

Placeholder
xxxxxՄ. Ղազարյան. Դրանք գյուլնազ տատու հեքիաթներից են