Ընտրությունների օրը ոստիկանին ծեծած քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Իրավունք
17:16 24/05/2012

Ընտրությունների օրը ոստիկանին ծեծած քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Հայաստանի ոստիկանության Քննչական գլխավոր վաևրչության Շենգավիթի քննչական բաժնում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 6-ին, խորհրդարանական ընտրությունների օրը, թիվ 11 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, որ 110 դպրոցում տեղակայված 11/27 և 11/28 ընտրատեղամասերում հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակից:

Տեղեկատվության հիման վրա Շենգավիթի դատախազությունը ոստիկանության միջոցով պարզել էր, որ այդ օրը նույն ընտրատարածքի ընտրող Արթուր Ղազարյանը հարբած վիճակում ներկայացել է քվեարկության և խախտել քվեարկության բնականոն ընթացքը, ապա բռնություն գործադրել կարգի հրավիրելու փորձ անող և այդ տեղամասում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին՝ Գոմցյան Շալիկոյին և Իսկանդարյան Լևոնին` վերջիններիս պատճառելով մարմնական առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը «ՓաստԻնֆո»-ին տեղեկացրել է, որ նախաքննության տվյալներով Ա. Ղազարյանը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, վերջիններիս հայհոյել է, ապա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Շալիկո Գոմցյանի նկատմամբ` բռունցքով հարվածել է նրա դեմքին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` վերին շրթունքի ձախ կեսի շրջանի լորձաթաղանթի պատռվածքների ձևով: Այնուհետև քաշքշել և պատռել է Շալիկո Գոմցյանի ծառայողական վերնազգեստի գրպանն ու ուսադիրները, ապա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Լևոն Իսկանդարյանի նկատմամբ` բռունցքով հարվածել է նաև վերջինիս դեմքին եւ պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` վերին ու ստորին շրթունքների ձախ կեսի շրջանի սալջարդ վերքերի ձեւով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը»: Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Քրեական գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Placeholder
Ընտրությունների օրը ոստիկանին ծեծած քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել