Հ.Մադաթյան. «Կներեք, ցտեսություն Ձեզ»
Քաղաքական
13:16 26/05/2012

Հ.Մադաթյան. «Կներեք, ցտեսություն Ձեզ»

ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը ԿԸՀ ներկայացրած ինքնաբացարկից հետո, հավանաբար, անտրամադիր է: Ամեն դեպքում, երբ զանգահարեցինք ու փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ է նա այդ քայլին դիմել, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանն արձագանքեց. «Ոչ մի հարցի չեմ պատասխանում: Կներեք, ցտեսություն»,- ու անջատեց հեռախոսը:

Նման մոտեցումը թերևս արդարացված է ու սպասված, քանի որ Հ.Մադաթյանի համար անցած խորհրդարանական ընտրությունները, մեղմ ասած, բազում անակնկալներ բերեցին: Այդպես, մինչ ԲՀԿ-ն կհրապարակեր իր համամասնական ցուցակը, Հ.Մադաթյանը Panorama.am-ին ասել էր, որ կուսակցությունը իր մասով որոշում է կայացրել ու նա այս անգամ ևս առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով Սևանից (2007թ-ին նա պատգամավորի մանդատ ստացավ հենց մեծամասնականով ընտրվելով):

Սակայն`  որոշում իսկապես կար, որ ԲՀԿ-ն այդ ընտրատարածքից կունենա պատգամավորի թեկնածու, բայց ոչ իր օգտին.  կուսակցության ղեկավարությունը` Գագիկ Ծառուկյանը, որոշեց, որ Սևանի թիվ 23 ընտրատարածքից այս անգամ մեծամասնականով կառաջադրվի Էդուարդ Սահակյանը և անձամբ Սևանում նախընտրական հանդիպման ժամանակ բնակիչներին ներկայացրեց թեկնածուին: Մադաթյանն էլ ներկա էր ու ակտիվ ծափահարում էր Է.Սահակյանի օգտին: 

ԱԺ-ում հայտնվելու համար նրան ևս մեկ հնարավորություն էր և նա ուր որ է կհայտնվեր, քանի որ ԲՀԿ համամասնական ցուցակում էլ զբաղեցնում էր  անցողիկ 32-րդ հորիզոնականը,  սակայն այժմ էլ հայտնի դարձավ, որ պատգամավորը ինքնաբացարկ է ներկայացրել  ու առաջիկա օրերին հրաժեշտ կտա պատգամավորի մանդատին:

Հիշեցնենք, ԲՀԿ-ից ինքնաբացարկների թվում են նաև Խաչիկ Գալստյանը, Հարություն Քուշկյանը, Արամ Սաֆարյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Թամարա Պողոսյանը, Վարդան Վարդանյանը և այլք:
 

Placeholder
Հ.Մադաթյան. «Կներեք, ցտեսություն Ձեզ»