Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվել է մայիսի 25-ից մեկնարկած Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած հայցի քննությունը: Կողմերի վերջնական փաստարկները լսելուց հետո Սահմանադրական դատարանն անորոշ ժամկետով անցել է խորհրդակցական սենյակ` որոշում պատրաստելու համար:
Հիշեցնենք` ՀԱԿ-ը պահանջում էր անվավեր ճանաչել մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Մինչ այդ, դատարանում ՀԱԿ ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը պնդեց, որ Հայաստանի նախագահը նախընտրական քարոզչությանը զուգահեռ իրականացրել է նաև պաշտոնական գործունեություն: Գրիգորյանի մյուս փաստարկի համաձայն, ընտրությունների օրը ընտրողների թիվը 20%-ով գերազանցել է բնակչության թվին:
Այսօր դատարանում պատասխանող կողմը ներկայացնում էր ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը. Նա հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ոչ մի հիմք չկա:
Խորհրդակցական սենյակ անցնելուց առաջ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ այսօր կամ վաղը վճիռը կհրապարակվի:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր ՀԱԿ դիմումի քննությանը և ներկայացրել ՀԱԿ մյուս ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի փաստարկները: Նա մասնավորապես, հայտարարել էր, որ ընտրությունների օրը դեռ առավոտյան 7:30-ին ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ են եղել: «Դրանք եղել են Հանրապետականի կողմից առաջնորդվող մարդիկ», ասել էր Զուրաբյանը՝ նշելով, որ այդ մարդիկ շուտ քվեարկել են մի տեղամասում, նրանց անձնագրերում դրոշմակնիքը շուտ ցնդել է, և նրանք նորից մասնակցել են քվեարկությանը մեկ այլ տեղամասում: «Այսինքն այդ մարդիկ եղել են կրկնակի քվեարկողները: Հայաստանի ընտրական պատմության մեջ նկատվել է ընտրողների աննախադեպ ակտիվություն առավոտյան ժամերին՝ 38000 հոգի», -նշել էր Զուրաբյանը: