Հ. Պետրոսյանց. Օդանավակայանի շահագործումը՝ ռազմական առավելություն է Ադրբեջանի նկատմամբ
Հասարակություն
14:28 01/06/2012

Հ. Պետրոսյանց. Օդանավակայանի շահագործումը՝ ռազմական առավելություն է Ադրբեջանի նկատմամբ

Օրեր առաջ կրկին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ մոտ ապագայում շահագործման է հանձնվելու Արցախում կառուցվող օդանավակայանը (այն գտնվում է Ստեփանակերտին մերձակա Իվանյան բնակավայրի տարածքում): Դրան անմիջապես հաջորդեց ադրբեջանցի քաղաքական գործիչների ու փորձագետների արձագանքը: Ադրբեջանական կողմը օդանավակայանի շահագործումը համարում են «բլեֆ»:

Օդանավակայանի նշանակության ու ադրբեջանական կողմից հնչող արձագանքների շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:

-Պարոն Պետրոսյանց, ի՞նչ նշանակություն ունի Արցախում նման օդանավակայանի կառուցումը:

-Նոր օդանավակայանի կառուցումն ու շահագործումը շատ կարևոր նշանակություն կունենա Արցախի զարգացման ու կայուն առաջընթաց ապահովելու հարցում: Այն ռազմավարական առումով մեծ նշանակություն ունի:

Իհարկե, Արցախն արտաքին աշխարհի հետ կապված է նաև ցամաքային ճանապարհով, սակայն օդային կապի հաստատումը և՛ ժամանակի, և՛ արդյունավետության առումով անհամեմատ նպաստավոր հանգամանք է:

Արցախի նկատմամբ հնարավոր ագրեսիա կամ ուղղակի անհրաժեշտության դեպքում, օդային ճանապարհով կարճ ժամանակում համապատասխան օժանդակություն՝ մարդկային, սպառազինություն, պարենային ապրանքներ, կհասցվեն Արցախ: Այս ամենը մեզ հնարավորություն կտա Ադրբեջանի նկատմամբ որոշակի ռազմական առավելության հասնել: Առհասարակ օդանավակայանի առկայությունն արդեն իսկ ռազմավարական մեծ նշանակություն ունի և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական ոլորտներում:

-Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ օդանավակայանի շահագործման մասին տեղեկությունները «բլեֆ» են որակում:

-Ադրբեջանցիների ողջ քաղաքական, ռազմական կուրսը «բլեֆ» է, կարծում եմ՝ նրանք իրենց «արշինով են չափում»: Երկրորդ, ադրբեջանցիները մշտապես իրենց հասարակության այլ բան են «ներարկում», թե իբր Արցախում աղքատություն է, անտարբերություն, ամեն ինչ կործանման է գնում, այս պարագայում ժողովրդին դժվար կլինի բացատրել, թե նման «պայմաններում» ինչպես են ԼՂՀ-ում օդանավակայան կառուցում:

Placeholder
Հ. Պետրոսյանց. Օդանավակայանի շահագործումը՝ ռազմական առավելություն է Ադրբեջանի նկատմամբ