«Սարդարապատ». Արտաքին ուժերը վերսկսել են Արցախի, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում միակողմանի զիջումներ կորզելու փորձեր
Քաղաքական
13:23 02/06/2012

«Սարդարապատ». Արտաքին ուժերը վերսկսել են Արցախի, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում միակողմանի զիջումներ կորզելու փորձեր

«Սարդարապատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ` հետընտրական շրջանի ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ:

Հերթական կեղծ ընտրություններով օրենսդիրի և կառավարության մասով վերարտադրված հանցավոր վարչախումբը առաջիկա տարիների համար իր ամբողջացումը ավարտին հասցնելու նպատակով առանց դադար առնելու անցել է վերարտադրության հիմնական` նախագահական մասի ապահովմանը: Ուստի, ինքնապահպանման բնազդին տրված, նա ի գործ է դրել քաղաքական ու գաղափարախոսական կեղծիքների և աճպարարությունների իր հարուստ զինանոցը` ջանալով բթացնել ժողովրդի զգոնությունը և նրա ուշադրությունը շեղել համազգային կենսական նշանակության հարցերից, որոնցից առաջնայինը վարչախմբի հեռացումն է:

Սրան զուգահեռ` վարչախմբի վերարտադրությունը երաշխավորած արտաքին ուժերը, օգտվելով նրա կախյալության աստիճանի աճից, տրամադրած աջակցության ու հովանավորության դիմաց իրենց «վարձն ու փայաբաժինը» ստանալու նպատակով վերսկսել են Արցախի, ինչպես և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում հայ ժողովրդից միակողմանի զիջումներ կորզելու փորձերը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, բոլոր ազնիվ քաղաքական և հասարակական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին, առանձին գործիչներին ու քաղաքացիներին, բոլոր հայ մարդկանց կոչ է անում`
- զգոն մնալ և պատրաստ լինել ձախողեցնելու Արցախի, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում հավանական պարտվողական քայլերը,
- քողազերծել հանրապետության քաղաքական իրականության ճահճացածությունը, հատկապես` ներիշխանական դաշտի շինծու տեղաշարժերը, քրեական օլիգարխիայի մաս կազմող այսպեսկոչված նոր ընդդիմության կեղծությունը և այս ամենով դրական փոփոխության հույսեր առաջացնելուն միտված վարչախմբի քայլերը,
- զոհ չգնալ ներկա օրհասական վիճակում երրորդական նշանակության խնդիրներն արհեստականորեն առաջին պլան բերելու վարչախմբի փորձերին և չշեղվել քաղաքական օրակարգի գլխավոր` պետականության նորոգման հարցից, այլ ընդհակառակը` բացահայտել ու ձախողել այդ փորձերը,
- շարունակել և հզորացնել քաղաքացիական պայքարը, ազատ մտքով ու ստեղծագործական մոտեցմամբ ձևավորել պայքարի նոր հարթակներ, ստեղծել ավելի նոր ու արդյունավետ մեթոդներ` այս ամենը ծառայեցնելով համազգային ներուժի համախմբմանը և,
- ի հակադրություն քաղաքական կեղծ գործընթացներին, միահամուռ ջանքերով ակտիվացնել ու ծավալել այլընտրանքային ճանապարհով իշխանափոխության կատարման և նոր Հանրապետության հիմնադրման աշխատանքը»:

Placeholder
«Սարդարապատ». Արտաքին ուժերը վերսկսել են Արցախի, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում միակողմանի զիջումներ կորզելու փորձեր