Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբանական համայնքի ուժը. 250-ից ավելի փաստաբան միացել է Վճռաբեկ դատարանի դեմ պայքարին
Հունիսի 11-ին ժամը 14:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Փաստաբանների պալատի նորաստեղծ հանձնախումբը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի կոնկրետ գործեր, որոնց դեպքում Վճռաբեկ դատարանը «ակնհայտ խախտումներ» է թույլ տվել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Փաստաբանների պալատի փաստաբան, հանձնախմբի անդամ Գևորգ Գյոզալյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ 5 փաստաբաններով կազմված հանձնախումբը ստեղծվել է մայիսի 25-ին և դրա անդամներն են փաստաբաններ Գևորգ Գյոզալյանը, Արա Զոհրաբյանը, Կարեն Մեժլումյանը, Լուսինե Սահակյանը և Հայկ Ալումյանը:
«Դրանք աղմկահարույց գործեր չեն, դրանք ուղղակի այնպիսի գործեր են, որոնց դեպքում Վճռաբեկ դատարանը երկակի ստանդարտներ է կիրառել ու աղաղակող խախտումներ արել», -հավելեց փաստաբանը` նկատելով, որ փաստաբանները և քրեական, և քաղաքացիական գործերի տեսանկյունից կներկայացնեն մասնագիտական եզրակացություն, թե որ դեպքում ինչ մոտեցում է ցուցաբերել Վճռաբեկ դատարանը:
Փաստաբանները հայտարարել էին, որ հունիսի 11-ը փաստաբանների դպրոցի կողմից կարող է համարվել վերապատրաստման դասընթացի օր, քանի որ այդ օրը ներկայացվելու են դատական համակարգում առկա բազմաթիվ խախտումներ և դրանց լուծման ուղիները: «Փաստաբանների համար սա հիմք է, որպեսզի հարգելի համարվի դատական նիստին բացակայությունը, ինչի կապակցությամբ կարող է տրամադրվել համապատասխան տեղեկանք», -նշել էին փաստաբաններն իրենց հայտարարության մեջ:
Այս կապակցությամբ Գյոզալյանը բացատրեց, որ դա արվել է քաղաքացիական գործերով փաստաբանների համար, քանի որ փաստաբանների այդ խումբը որոշակի վտանգի առջև կարող է կանգնել այդ օրը դատին չներկայանալով:
«Գործեր կան, որ գտնվում են նախնական դատաքննության փուլում, և եթե քաղաքացիական գործերով այդ փուլում ապացույցներ չներկայացնեն, իրավական դիրքորոշում չարտահայտես, միանշանակ դա կարող է ի վնաս լինել քո վստահորդի համար: Քանի որ դատական համակարգը շատ լավ տեղյակ է մեր ակցիաների մասին, մենք ենթադրում ենք, որ նրանք այդ օրը համատարած կփորձեն առանց փաստաբանների քննել գործերը, իսկ քաղաքացիական դատավարությունն այդ հնարավորությունը նրանց տալիս է, ի տարբերություն քրեականի: Քրեական գործերին եթե չեն գնում, այսպես թե այնպես գործը հետաձգվում է: Որպեսզի հաշվեհարդար չլինի փաստաբանների նկատմամբ և այն փաստաբանները, ովքեր մտավախություն ունեն, որ դատարանը ակնհայտորեն իրենց բացակայության դեպքում կքննի գործը, մենք նրանց տվել ենք փաստաբանի բացակայության հիմքը: Այդ դեպքում, դատարանը կաշկանդված կլինի օրենքով և գործը չի քննի առանց փաստաբանի», -հավելեց Գյոզալյանը:
Այս պահին փաստաբանների տարածած հայտարարությանը միացել են 250-ից ավելի փաստաբաններ, ինչը և Գյոզալյանի համար ողջունելի է: Ընդհանուր առմամբ, Փաստաբանների պալատում գործում է 1100 փաստաբան, սակայն նրանց մի մասը աշխատում են պետական հիմնարկներում և ակտիվ չեն:
Հարցին, թե մեկօրյա գործադուլ-դատադուլը արդյոք չի հակասում իրենց պաշտպանյալի իրավունքների պաշտպանության սկզբունքին, Գյոզալյանը պատասխանեց, որ դա արվում է հենց նրանց շահերի պաշտպանության համար:
«Մենք մեր հաճախորդների շահերի համար ենք գնում այս քայլին: Եթե Վճռաբեկ դատարանը չվերանայի իր այս քաղաքականությունը, երկակի ստանդարտներով առաջնորդվելը, անձանցից կախված արդարադատություն իրականացնելը, ապա լիարժեք պաշտպանություն չի ստացվի», -փոխանցեց փաստաբան Գևորգ Գյոզալյանը: