Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախօրեին Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ հերթական որոշումն է կայացրել:
ՄԻԵԴ կայացրած որոշմամբ, Հայաստանում խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածը և ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանը 2004 թվականից 2007 թվականը անօրինական կերպով է կալանքի տակ պահվել: Ըստ նույն որոշման, որը հրապարակվել է ՄԻԵԴ կայքէջում, Հայաստանի կառավարությունը պարտավորվելու է ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանին որպես փոխհատուցում վճարել 6 000 եվրո:
Ի՞նչ հիմքով է պարտվել Հայաստանի Հանրապետությունը և արդյոք նշված գումարն արտացոլում է դիմումատուի պահանջն ամբողջությամբ:
Գործընթացին մոտ կանգնած աղբյուրը «Փաստինֆո» գործակալության հարցերին պատասխանել է, որ ի սկզբանե Հայաստանի Հանրապետությունից դիմումատուն պահանջել է 100 000 եվրո` որպես նյութական վնաս և 250 հազար եվրո` որպես բարոյական կամ ոչ նյութական վնաս: Ընդհանուր առմամբ, այս գործով դիմումատուն երկրից պահանջել է 350 հազար եվրո:
Դրա դիմաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է միայն 6000 եվրոյի պահանջը` կառավարության առարկությունների հիման վրա: Հայաստանը պարտվել է միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի մասով` պայմանավորված այն հանգամանքով, որ 2004թ. քրեական դատավարության օրենսդրությունը հստակ չէր տարանջատում, թե նախնական կալանքը դատարանի կողմից նախնական քննության փուլում ինչ ժամկետով է կարգավորվում և ինչ ժամկետով է կարգավորվում նախաքննության փուլում:
Այլ կերպ ասած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 320 հազար եվրոյի փոխարեն 6000 եվրո վճարման պարտավորություն սահմանող որոշում կայացնելու համար հիմք են ծառայել ոչ թե պետական մարմինների գործողությունները, այլ միայն օրենսդրության անկատարությունը և դրա անհամապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին: