Գ. Մինասյան. Բաքուն փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը չի գտնվում սառեցված վիճակում
Քաղաքական
11:57 06/06/2012

Գ. Մինասյան. Բաքուն փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը չի գտնվում սառեցված վիճակում

«Առաջին դեպքը չի, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելությունից առաջ և նույնիսկ այցելության ընթացքում, ադրբեջանական կողմից տեղի են ունենում այսպիսի սադրիչ գործողություններ, և պատճառը կարծես թե ակնհայտ է: Ադրբեջանական իշխանությունները փորձում են միջազգային հանրությանը համոզել, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը չի գտնվում սառեցված վիճակում: Հայտարարություններն այն մասին, որ խնդիրը ունի ռազմական լուծում իրատեսական չեն», մեկնաբանելով հայ-ադրբջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը վերջին 2 օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանը հատելու մի քանի փորձ են իրականացրել, ինչի արդյունքում երկուստեք զոհեր ու վիրավորներ են գրանցվել: Դրանցի զատ, ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակահերթեր է արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ:

«Այս առումով չափազանց կարևորում եմ տիկին Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ խնդիրը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում: Պետք է ասել, որ ադրբեջանական կողմն ուղղակի հիստերիայով ընդունեց Տիկին Քլինթոնի այս հայտարությունը, որովհետև, ըստ էության, դա ի չիք է դարձնում ջանքերը կամ այն միտումները, որոնք առկա են ադրբեջանական իշխանության մոտ՝ իրենց ռազմական մեծ ծախսերով, մեծ ներդրումներով, փորձել լուծել խնդիրը»,- ասաց Գ. Մինասյանը:

Ըստ բանախոսի՝ մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ այս ճանապարհը հեռանկար չունի:

«Այս առումով շատ կարևորում եմ այն ամերիկացի կոնգրեսականների ելույթները, ովքեր անթույլատրելի են համարում ադրբեջանական հիստերիան և շփման գծում անմեղ զոհերի առկայության փաստը: Ես կարծում եմ, որ այս դիրքորոշումը պետք է որդեգրի նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը: Խումբ, որն օժտված է միջազգային մանդատով, և որի անհստակ, անհասցե հայտարարությունները միայն թիկունք են կանգնում այդ ադրբեջանական գործողություններին»,- ասաց նա:

Վերջինիս համոզմամբ՝ նման սադրանքների դեպքում միջնորդները պարտավոր են հստակ մատնանշել մեղավորներին և քաղաքական դիրքորոշում արտահայտել:

«Եթե Մինսկի խումբը շարունակի այսպիսի անհստակ դիրքորոշում, ապա մենք բոլորս պետք է արձանագրենք, որ այդ անմեղ զոհերի արյան պատասխանատվությունը ընկնում է նաև նրանց վրա, որովհետև նրանք պարտավոր են իրենց տեսակետներով, իրենց գնահատականներով սաստել ադրբեջանական իշխանություններին և ստեղծել համապատասխան միջազգային կարծիք այդ սադրանքներրի վերաբերյալ»,- ընդգծեց Գ. Մինասյանը:

Placeholder
Գ. Մինասյան. Բաքուն փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը չի գտնվում սառեցված վիճակում