Խաղաղության գինը
Հասարակություն
12:13 06/06/2012

Խաղաղության գինը

Պատմությունն ունի կրկնվելու հատկություն: Ասվածը արդարացի է, թերևս, նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Հրադադարի խախտման դեպքերի վիճակագրության ուսումնասիրությունը ստիպում է կարծել, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում աստիճանաբար ձևավորվում է Արցախյան շարժման առաջին շրջանին բնորոշ իրավիճակ, երբ ադրբեջանական ագրեսիայի թիրախն էր դառնում բացառապես խաղաղ հայ բնակչությունը:

Ադրբեջանական վայրագությունների առաջին «թատերաբեմը» ներպետական մայրուղիներն էին, չէ որ այդ դեպքում ապահովվում էին առայսօր էլ «սխրանքներ» կատարելու համար ադրբեջանցիներին անհրաժեշտ մի քանի գործոնները` դիմադրության հնարավորության իսկ բացակայությունը, թվային գերակշռությունը և անպատիժ մնալու գիտակցությունը:

Արցախահայության` 1988-ի միանգամայն օրինական առաջին հանրահավաքներից հետո, որոնք, ի դեպ, ընթանում էին ազգերի եղբայրության կարգախոսներով, հայկական պետհամարանիշներով ցանկացած մեքենայի վարորդը պիտի առնվազն խելագար լիներ` ադրբեջանական բնակավայրերով անցնող ճանապարհներով երթևեկելու համար: Քարերով, բրերով, դանակներով զինված կատաղած ամբոխի հարձակումից հետո, որպես կանոն, մնում էր միայն ավտոմեքենայի ծխացող կմախքը, իսկ վարորդը լավագույն դեպքում ծայրահեղ ծանր վիճակում հայտնվում էր մոտակա հիվանդանոցի վերակենդանացման բաժնում:

Ընդհանրապես, այդ տարիներին հետագայում Ադրբեջանի ազգային բանակի հիմքը դարձած տխրահռչակ ՕՄՕՆ-ը նախընտրում էր գործել խաղաղ, անպաշտպան բնակչության դեմ` կազմավորվող հայկական ինքնապաշտպանական ջոկատների հետ պայքարի վտանգավոր գործը թողնելով խորհրդային «սպեցնազին»:

Հետո էլ արդեն 4-րդ խորհրդային բանակի սպառազինությանը տիրացած ադրբեջանական բանակի հրետանու և օդուժի հարվածների հիմնական նշանակետը խաղաղ հայկական բնակավայրերն էին: Այդ անհեռատես քաղաքականությունը ի վերջո հանգեցրեց վարչականորեն Ադրբեջանի կազմի մեջ մտնող ԼՂՀ հարակից պատմական հայկական տարածքների ազատագրմանը, ինչի արդյունքում ԼՂՀ խաղաղ բնակավայրերը այսօր զերծ են ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքով գնդակոծվելու վտանգից:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում գնդակոծում են հայկական գյուղերը, մանկապարտեզ գնացող երեխաներին ու դաշտում աշխատող հողագործներին: Արցախյան ազատամարտը ապացուցեց, որ խաղաղության դիմաց երբեմն անհրաժեշտ է լինում վճարել պատերազմի ծանր գին, խաղաղ բնակավայրերի վրա կրակ բացելու հրաման տվող ադրբեջանական գեներալներին, թերևս, անհրաժեշտ է հիշել, որ հայ ժողովրդի համբերությունն անսահման չէ ու այսպես շարունակվելու դեպքում հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում ևս կարող է ձևավորվել հայկական գյուղերի գնդակոծման անգամ տեսական հնարավորությունը բացառող իրավիճակ:

Placeholder
Խաղաղության գինը