«ԲարՔեմփ Երևան 2012»-ի շրջանակներում  X-TECH-ը ներկայացրեց Citybugs.am կայքի առաքելությունը
Տնտեսություն
17:15 09/06/2012

«ԲարՔեմփ Երևան 2012»-ի շրջանակներում X-TECH-ը ներկայացրեց Citybugs.am կայքի առաքելությունը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետների` ծրագրավորողների, ճարտարագետների, բլոգերների, օն-լայն լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվիստների մասնակցությամբ այսօր մեկնարկեց  «ԲարՔեմփ Երևան 2012» ոչ պաշտոնական կոնֆերանսը, որն անցկացվում է արդեն չորրորդ անգամ: «ԲարՔեմփը» ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումների և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում:

Ազատ գրանցումներից և բացման արարողությունից հետո մասնակիցները սկսեցին ներկայացնել իրենց շնորհանդեսները: Կոնֆերանսի մասնակիցները քննարկեցին համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում և աշխարհում:

«ԲարՔեմփ Երևան 2012»-ի շրջանակներում X-TECH ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Աղաջանյանը ներկայացրեց Citybugs.am կայքի առաքելությունը։ Ըստ նրա՝ Citybugs.am-ում ինտեգրվելու է Google Map դինամիկ քարտեզ, որտեղ մանրամասն տեղեկություն է լինելու օգտատերերի խնդիրների մասին:

Հ.Աղաջանյանի խոսքերով՝ այն նպատակ է հետապնդում բարելավելու և տեսանելի դարձնելու բարեփոխումները քաղաքաշինության ոլորտում, բարելավելու հետադարձ կապը հասարակության հետ, ապահովելու Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու բարձրացնելու բնակչության իրազեկվածության աստիճանը Երևանի կոմունալ խնդիրների վերաբերյալ: Նախատեսվում է, որ կայքը կգործարկվի 2 ամսից:

Նշվեց նաև, որ կայքում գրանցումը կլինի անվճար և բոլոր գրանցված օգտատերերը պետք է իրենց բջջային հեռախոսի համարով ակտիվացնեն հաշիվը: «Կայքի մոդերատորների կողմից կուսումնասիրվի կայքում ավելացված խնդիրների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան և կնշվի, թե արդյոք տվյալ խնդիրը վստահելի աղբյուրից է , թե ոչ»,- ասաց Հ.Աղաջանյանը:
Հարցերի և  առաջարկների համար կարելի է միանալ Citybugs.am-ի  ֆեյսբուկյան էջին ու ներկայացնել դրանք:

Նշենք, որ միջոցառման աջակիցներն են «Լրատվության այլընտրանքային ռեսուրսների» ծրագիրն ու Ինտերնյուս Հայաստանը, AtTask, BetConstruct, Be2 ընկերությունները, ռուսաստանյան RIA Novovsti գործակալությունը: Միջոցառման գլխավոր գործընկերն է «Օրանժ Արմենիա» ընկերությունը:

Placeholder
«ԲարՔեմփ Երևան 2012»-ի շրջանակներում X-TECH-ը ներկայացրեց Citybugs.am կայքի առաքելությունը