Դ. Բաբայան. Ադրբեջանը դարձել է իր իսկ քաղաքականության գերին
Քաղաքական
15:55 11/06/2012

Դ. Բաբայան. Ադրբեջանը դարձել է իր իսկ քաղաքականության գերին

«Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջան կատարելիք այցերի ընթացքում Ադրբեջանի կողմից նման գործողությունների գնալը, կարծես թե, ավանդական է դառնում: Սակայն պետք է հստակ արձանագրել, որ այս անգամ հրադադարի ռեժիմի խախտումներն առավել ինտենսիվ էին»,- անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում, Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը պետականաշինության երկու հիմնական ուղղություն է որդեգրել. առաջինը՝ հակահայկական շովինիստական և միլիտարիստական քաղաքականությունը, որը շատ վտանգավոր է:

«Մենք բազմիցս մատնանշել ենք, որ նման զարգացումներին կարող է հետևել անկանխատեսելի հետևանքներ: Ադրբեջանը դարձել է իր իսկ քաղաքականության գերին: Միաժամանակ պետք է նշեմ, որ հաշվի առնելով այն փաստը, որ տարածաշրջանում պահպանվում է էֆեկտիվ ռազմաքաղաքական հավասարակշռվածություն՝ Ադրբեջանն անընդհատ ստիպված է լինում կտրուկ ու անկանխատեսելի քայլերի գնալ»,- ասաց Դ. Բաբայանը:

Նա հիշեցրեց, որ 2013 թվականին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, իսկ Ալիևը խնդիր ունի հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել և դա է պատճառը, որ նա անընդհատ նման ոչ կառուցողական քայլերի է գնում:

Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը արտաքին ճակատում պայքարը մի քանի ուղղությամբ է տանում. խնդիրներ կան հարևան Իրանի, Ռուսաստանի՝ Գաբալայի ՌԼԿ-ի հետ կապված, Թուրքմենստանի հետ՝ Կասպից ծովի հանքային պաշարների հետ կապված:

Նրա խոսքերով, Ադրբեջանն իր պահվածքով չի կարող վստահելի գործընկեր լինել, իսկ վերջինս՝ նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ ունենալը, լրիվ անհեթեթ իրավիճակ է ստեղծվում:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամը,ի պաշտոնե, պետք է ամեն ինչ անի ողջ աշխարհում խաղաղությունը և կայունությունը պահպանման համար, սակայն Ադրբեջանն ինքն է խախտում այդ սկզբունքը»,- ասաց Դ. Բաբայանը:

Placeholder
Դ. Բաբայան. Ադրբեջանը դարձել է իր իսկ քաղաքականության գերին