Փուչիկների բռնկումից 4 տուժած դեռ հիվանդանոցում է
Առողջություն
14:32 11/06/2012

Փուչիկների բռնկումից 4 տուժած դեռ հիվանդանոցում է

Մայիս 4-ին Հանրապետույան հրապարակում փուչիկների բռնկումից տուժած չորս երիտասարդ դեռևս շարունակում է մնալ հիվանդանոցում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին առողջապահության նախարարությունից:

Ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ փոխանցեցին, որ որևէ նորություն չկա, նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման` Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Պայթյունի պատճառով այրվածքներ են ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

Ոստիկանությունը հայտարարել էր,  որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Կազմվել է օպերատիվ-քննչական խումբ: Միաժամանակ ստուգվում են դեպքի պատճառի մի քանի հավանական` ինքնաբռնկվել, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:
 

Placeholder
Փուչիկների բռնկումից 4 տուժած դեռ հիվանդանոցում է