Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, վստահ եմ, որ ճիշտ պահին, համապատասխան պահին իր խոսքը կասի, բայց ես անձամբ ասել եմ, որ սա քաղաքական է միանշանակորեն և այդ քաղաքականության մեջ ես նաև տեսնում եմ իմ ներգրավվածությունը հենց ԲՀԿ ներսում: Ես կարծում եմ նաև այդ խնդիրն են ուզում ինչ-որ տեղ հարվածել ու խոչընդոտել… Ես գիտեմ գործի բոլոր մանրամասները` երկու կարծիք չի կարող լինել, սա քաղաքական պատվեր է»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ զրույցում` անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին նշել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:
Նա նշել է, որ քանի որ ինքը ԲՀԿ անդամ է, ապա ամբողջը պետք է դիտարկել այդ կոնտեքստում:
Նշենք, որ ինչպես տեղեկացրել էին ավելի վաղ, քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:
«Իշխանությունները ուզում են դաշտը ամայացնեն, որպեսզի այն ազատ լինի ` իշխանությունները ոչնչի առաջ չեն կանգնում և գնում են նման քայլերի: Ես այլ մեկնաբանություն եղածին իսկապես չեմ կարող տալ»:
Ընդգծելով, որ քաղաքական պայքարը պատկերացնում է քաղաքական հարթության մեջ, Վ.Օսկանյանը նշում է` «այս ամենը` սպառնալիքներ և այլն իմ ոճը չի, բայց, եթե իշխանությունները սա են ընտրել, ես սրան էլ եմ պատրաստ».
«Ազգային անվտանգության ծառայությունն այստեղ գործ չունի և սա ամենաակնհայտ նշանն է, որ սա քաղաքական պատվեր է … Փողերի լվացո՞ւմ, ես շարունակում եմ այս հարցը տալ.. այս իշխանությունները փողերի լվացումից են խոսում»,- ընդգծում է նա ու հավելում, որ Օսկանյան ու փողերի լվացում մի նախադասության մեջ չի կարող լինել:
Լրագրողի ճշտող հարցին, թե ե՞րբ է կոնկրետ կանչվել հարցաքննության` Վ.Օսկանյանը դժվարացավ կոնկրետ օրը նշել. «Չեմ հիշում… երևի մի շաբաթ առաջ էր` կանչել էին գնացել եմ: Երկրորդ անգամ էլ են կանչել, երևի թե վաղը կգնամ, այդքան բան »:
Բայց վերջում հավելել է նաև, որ, եթե գործը նույն կարգի շարունակություն ունենա, ապա ինքն անպայման իր իրավունքներից կօգտվի:
Հիշեցնենք, Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախորդիվ` Օսկանյանի ու մյուսների կողմից «լվացվել» է շուրջ 2 մլն դոլա՞ր. ԱԱԾ հայտարարությունը