Ա. Դավթյան. Ադրբեջանը վիժեցնում է հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը
Քաղաքական
14:25 13/06/2012

Ա. Դավթյան. Ադրբեջանը վիժեցնում է հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը

«Հայկական ու ադրբեջանական կողմի մոտեցումներն ու սպասելիքները տարբեր բևեռներում են: Դա է այն պատճառներից մեկը, որ մինչ այսօր շփման գծում տեղի ունեցող իրադարձություների հետ կապված հետաքննության մեխանիզմները չեն ներդրվում: Ադրբեջանն ուղղակի հետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից»,- անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցին ու հնչեցրած այն հայտարարությանը, թե պետք է ամեն ինչ անել շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հետաքննության մեխանիզմներ ներդնելու համար՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նրա խոսքերով, ողջ աշխարհը բացեիբաց հայտարարում է, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, սակայն Ադրբեջանն իր քայլերով փորձում է ապացուցել, որ ոչ միայն ռազմական լուծում ունի, այլ ինքն արդեն իսկ պատրաստվում է դրան:

«Իհարկե, իրանք հասկանում են, որ վերադարձ 1988 թվականը եղած ժամանակահատվածին անհնար է, ուղղակի նրանք դեռևս չեն համակերպվում փաստի հետ ու ամեն ինչ անում են իրավիճակի լարման համար»,- ասաց Ա. Դավթյանը:

Հարցին, թե՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնվում հետաքննության մեխանիզմի ներդրման գաղափարին, վերջինս ասաց. «Եթե այդ մեխանիզմը ներդրվի, ապա միջազգային հանրության գնահատականները կդառնան հասցեական, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Ադրբեջանին: Դրա համար էլ Ադրբեջանը չի ցանկանում հետ կանգնել իր մարտավարությունից ու վիժեցնում է այդ գաղափարը»:

Նա նշեց, որ ցավոք, Ադրբեջանն իր ապակառուցողական մոտեցումներով միայնակ չէ, պաշտոնական Անկարան ամեն ինչ անում է Բաքվին տարբեր ուղղություններով օժանդակություն ցուցաբերելու հարցում, ինչը խնդիրը փակուղի է տանում:

«Որոշ երկրներ էլ իրենց լռությամբ են նպաստում թուրք-ադրբեջանական տանդեմին»,- հավելեց նա:

Placeholder
Ա. Դավթյան. Ադրբեջանը վիժեցնում է հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը