Այսօր արյան դոնորի միջազգային օրն է. Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը
Օրվա թեմա
13:16 14/06/2012

Այսօր արյան դոնորի միջազգային օրն է. Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը

2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր:

Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819 թվականին Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:

Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001 թվականներին տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2011թ. կատարվել է մոտ 15 000 արյունատվություն: Սակայն առկա է հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորագրերի համաձայն` արյան բաղադրամասերով և պատրաստուկներով պահանջարկը ապահովելու համար Հայաստանում, ելնելով բնակչության քանակից, անհրաժեշտ է իրականացնել 60000 արյունատվություն:

Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ հիվանդի հարազատները ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այդ հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասերը:

Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են կադրային դոնորները` 46,6%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները: Նրանք Հայաստանում կազմում են 4,1 %: Այս խնդրի լուծումն անհատույց կամավոր դոնորության քարոզչությունն է հասարակության լայն շրջաններում, հատկապես երիտասարդության մեջ:
«Բոլորս պետք է գիտակցենք, որ միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկային կյանքեր: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Պետք է ձգտեl, որ Հայաստանում, ինչպես զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր անհատույց:

Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ` պետք է նշել, որ անհատույց դոնորությունը ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզվի, լուսաբանվի մեր հասարակության մեջ և խրախուսվի»,-նշում են նախարարությունից:

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում (Հրաչյա Ներսիսյան 7) կազմակերպում են անվարձահատույց արյունատվության ակցիա, որին կմասնակցեն տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բազմիցս հանդես են եկել արյունատվության ակցիաներով՝ նպատակ ունենալով հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի քաղաքացիների մեջ հնարավորինս վաղ հասակից:

Նշենք նաև, որ դոնորությունն առողջ ապրելակերպի գրավականներից է և դրական ազդեցություն է թողնում դոնորի առողջության վրա:

Placeholder
Այսօր արյան դոնորի միջազգային օրն է. Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը