Կմեկնարկի 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը
Տնտեսություն
18:47 14/06/2012

Կմեկնարկի 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

Հունիսի 15-ին և 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Smart Country-թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԻՏՁՄ-ից, ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:

Այս տարի ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակում գրանցվել է մասնակից կազմակերպությունների մոտ 48% աճ: Եթե 2011թ. ֆորումին մասնակցում էին շուրջ 40 կազմակերպություններ, ապա այս տարի` 59, որից 38-ը` տեղական, իսկ 21-ը` արտասահմանյան:

Երկօրյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը բաղկացած կլինի հետևյալ միջոցառումներից՝ տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանս, որի ժամանակ կքննարկվեն ՏՀՏ և այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձևերը, մեթոդները և խնդիրները տնտեսությունում
տեխնոլոգիական սեմինարների շարք, որի ընթացքում կներկայացվեն ՏՀՏ ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները,ինչպես նաև կկազմակերպվի «DigiTec Business» ցուցահանդեսը:

Placeholder
Կմեկնարկի 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը