Ն. Հովհաննիսյան. Ուսուցիչները պետք է հետևեն կրթական չափորոշիչներին… մինչդեռ կան ուսուցիչներ, ովքեր նույնիսկ բացած էլ չկան դրանք
Կրթություն, գիտություն
15:17 14/06/2012

Ն. Հովհաննիսյան. Ուսուցիչները պետք է հետևեն կրթական չափորոշիչներին… մինչդեռ կան ուսուցիչներ, ովքեր նույնիսկ բացած էլ չկան դրանք

«Մեր մանկավարժները սովորություն ունեն աշխատել ծրագրով, դասագրքերով, մինչդեռ նախքան այդ, պետք է ուսումնասիրեն կրթական չափորոշիչները, որոնք ավելի կարևոր են, քան ծրագիրն ու դասագիրքը: Չափորոշիչներին հետևելու դեպքում մեր կրթության որակն ավելի կբարձրանա, մինչդեռ կան ուսուցիչներ, ովքեր նույնիսկ բացած էլ չկան այդ չափորոշիչները»,- «Չափորոշչահեն կրթությունը ավագ դպրոցի հասարակագիտության և միջին դպրոցի բնագիտամաթեմատիկական առարկների շրջանում» ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր ուսուցիչ պետք է հետևի այդ չափորոշիչներին: «Չափորոշիչները պետության պատվերն է: Պետությունը պահանջում է այդ չափորոշիչների հիման վրա գիտելիք ստացած աշակերտներ»,- ասաց նա:

Նշենք, որ Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության աջակցությամբ «Չափորոշչահեն կրթություն ավագ դպրոցի հասարակագիտություն և միջին դպրոցի բնագիտամաթեմատիկական առարկաների շրջանակներում» ծրագիրը մշակել ու կազմել է «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը: Այսօրվա քննարկման հիմնական նպատակն էր, ևս մեկ անգամ բարձրաձայնել և ուսուցիչների ուշադրությունը հրավիրել, որ հարկավոր է հետևել առարկայական չափորոշիչներին:

ՀԿ-ի ղեկավար Ռուզաննա Մուրդյանն ասաց, որ մեր կրթությունը պետք է հիմնված լինի այն չափորոշիչների վրա, որոնք ներկայացրել է պետությունը: «Մենք պետք է ուսուցիչների ուշադրությունը հրավիրենք առարկայական չափորոշիչների վրա: Ուսուցիչները սկզբում պետք է նայեն ոչ թե ծրագիրը, դասագիրքը, այլ չափորոշիչը, որը նրա գործն ավելի կհեշտացնի, նաև արդյունավետ կդարձնի` ավելի հստակ կիմանան, թե ինչ է իրենցից պահանջում պետությունը»,- նշեց նա:

Ռ. Մուրադյանն ասաց, որ իրենք ծրագիրը մշակել են 2006 թվականից, անցկացրել են սեմինարներ, կազմակերպել ուսուցիչների հանդիպում փորձագետների հետ:

Քննարկմանը ներկա ուսուցիչները գոհ էին մշակված չափորոշիչներից: Նրանք էլ իրենց խոսքում նշեցին, որ չափորոշիչներին հետևելով, իրենց աշխատանքը դարձել է և արդյունավետ, և ինչ-որ տեղ նաև հեշտացրել է. «Գիտենք, թե կոնկերտ ինչի վրա պետք է շեշտը դնենք»:

Placeholder
Ն. Հովհաննիսյան. Ուսուցիչները պետք է հետևեն կրթական չափորոշիչներին… մինչդեռ կան ուսուցիչներ, ովքեր նույնիսկ բացած էլ չկան դրանք