Գյուղացիները հողամասը ջրելուց պարկի մեջ նորածնի մարմին են գտել
Իրավունք
14:52 19/06/2012

Գյուղացիները հողամասը ջրելուց պարկի մեջ նորածնի մարմին են գտել

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել. Գյուղացիները հողատարածքները ջրելու ժամանակ պարկի մեջ նորածնի մարմին են հայտնաբերել: Մայիսյան գյուղի գյուղապետ Եսայի Մովսիսյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ գյուղացիները երեխայի մարմինը հայտնաբերել են պարկի միջից:

«Ջրհեղեղը որ եղել է, սելավատար ջրերի հետ միասին բերել է մեր գյուղ և գյուղացիներն էլ հողերը ջրելուց տեսել են մեշոկ, հրել են մի կողմ, մեշոկը պատռվել ա, միջից երեխու ձեռքեր են դուրս եկել: Զանգեցինք անմիջապես իրավապահ մարմիններին ու հիմա տարել են երեխային»,-փոխանցեց գյուղապետը:

Նրա խոսքով, գյուղի հողատարածքները ոռոգվում են «Արազի ջրից», որից Մայիսյան գյուղի հեռավորությունը 42 կմ է: «Հիմի որ տարածքից ա եկել, ոնց ա եկել, չեմ կարող ասել: Բայց հաստատ մեր գյուղի երեխան չի», -նկատեց գյուղապետը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ գյուղացիները նորածին երեխայի մարմին են հայտնաբերել և տեղեկացրին, որ մարմնի վրա հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ աղբյուրի, Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Placeholder
Գյուղացիները հողամասը ջրելուց պարկի մեջ նորածնի մարմին են գտել