Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեմկուսը խորհրդարանին կառաջարկի ԼՂՀ կազմավորման օրինականությունը ճանաչող օրինագիծ
«Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդունի որոշում, ըստ որի ճանաչում է միջազգային օրենքների համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման օրինականությունը», - այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական Կազմակերպության նախագահ Արամ Սարգսյանը` շեշտելով, որ խոսքը վերաբերվում է ոչ թե ԼՂՀ անկախության ճանաչմանը, այլ` կազմավորման գործընթացին: «Նման ճանաչումը Լեռնային Ղարաբաղը բանակցային օբյեկտից կդարձնի սուբյեկտ», - ընդգծեց նա:
Ըստ քաղաքական գործչի` առանց ԼՂՀ անկախության օրինականության ընդունման, միջազգային ասպարեզում Արցախի ճանաչման գործընթացը խոչընդոտների կհանդիպի:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման օրինականության ընդունումը պետք է արվի միայն իրավական փաստերով: Սա բերելու է էական փոփոխության բանակցային գործընթացում: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում պետք է հանրաքվե անցկացվի և որոշվի, արդյո՞ք միանում է Հայաստանին, պահպանո՞ւմ է ներկայիս կարգավիճակը, կամ երրորդ կարգավիճակն է ընդունում»,-նշեց Ա.Սարգսյանը`հավելելով, որ ԼՂՀ անկախության օրինականության ընդունումը կլինի լուրջ մի քայլ` Ադրբեջանի հարյուրական քայլերի դիմաց:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ Դեմկուսը պատրաստ է քննարկել ԼՂՀ անկախության օրինականության ճանաչման հարցը ոչ միայն հասարակական լայն սեկտորի, այլ նաև Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների հետ:
«Քանի որ Ազգային Ժողովի մյուս նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերից, մենք մտադիր ենք այս մի քանի ամիսների ընթացքում կազմակերպել այդ հարցի քննարկումները և, ըստ ընթացակարգի, սեպտեմբերին դիմել Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին», - նշեց Ա.Սարգսյանը:
Պատասխանելով panorama.am-ի լրագրողի հարցին, թե առաջարկելով Արցախում նոր հանրաքվե անցկացնել, արդյոք Դեմկուսը չի ճանաչում 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվեի արդյունքները, Արամ Սարգսյանը հակադարձեց, որ գոյություն ունի նաև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհուրդի որոշումը` միավորման մասին:
«Եթե ճանաչեք 1991 թվականի հանրաքվեի արդյուքները, դուք ճանաչում եք, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, ինչը հակասում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի` միավորման մասին որոշմանը: Բացի այդ` մենք դեռ ազգովի չենք որոշել, թե մենք ուզում ենք երկու՞ պետություն ունենալ, թե` մեկ միասնական: Դա պետք է որոշվի հանրաքվեով: Եթե ճանաչվի այդ հանրաքվեի արդյունքները, կստացվի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այս ամբողջ գործընթացը զրոյացվում է», - ասաց նա: