Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ՍԹԱՐ առևտրային ցանցը Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում ներկայացրել է «Միասին օգնենք երեխաներին» ակցիայի արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաշվետվություն և հիմնադրամին փոխանցել 3 752 156 դրամ:
Հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության ռազմավարությանը` ՍԹԱՐ առևտրային ցանցն այս տարի ևս իրականացրել է «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան, որը հանդիսանում է ՍԹԱՐ-ի ԿՍՊ հիմնական ուղղությունը: Ակցիայի միջոցով ՍԹԱՐ-ն իրականացրել է դրամահավաք` նպատակ ունենալով աջակցել Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկներին:
«Պատահական չէ, որ այս ակցիան դարձել է մեր ԿՍՊ ծրագրի կարևոր մասը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել այս ակցիայի միջոցով ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունն ուղղել այս հարցին` միևնույն ժամանակ քարոզելով, որ յուրաքանչյուրս կարող ենք մեր փոքր մասնակցությամբ փրկել բազմաթիվ կյանքեր: Չպետք է մոռանալ, որ այս փոքրիկները հանդիսանում են մեր հասարակության անդամ և մեր ազգի ապագան»,- մեկնաբանել է ՍԹԱՐ առևտրային ցանցի անդմինիստրատիվ և զարգացման բաժնի տնօրեն Արմեն Պողոսյանը:
Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս նախագծին իրենց ներդրումն են ունեցել ՍԹԱՐ առևտրային ցանցի գործընկերներն ու մատակարարները` մասնավորապես Էյ Ջի Պրինտ, Կոկա Կոլա, Աշտարակ Կաթ, Թամարա, Ավշարի Գինու Գործարան, Պիկանտ Համ, Ինվեստ -Ինտորգ, Բեկոն Պրոդուկտ, Աստի Թրեյդինգ, Կիլիկիա, Սելենա Սերվիս և մի շարք այլ ընկերություններ: Համատեղ ուժերով հիմնադրամի օգտին հավաքվել է 3 752 156 դրամ, որից 901 156 հավաքագրվել է խանութներում տեղադրված արկղերի միջոցով, 1 420 000` մատակարարների և գործընկերների, 431 000` ընկերության աշխատակիցների, 1մլնը` փոխանցվել էՍԹԱՐ ընկերության կողմից:
«Մեր հավատարիմ բարեկամ ՍԹԱՐ-ի` արդեն ավանդույթ դարձած բարեգործական ակցիաների շնորհիվ, դեղորայք և որոշակի բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել: Շնորհակալ ենք ՍԹԱՐ-ին և բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց ուշադրության և հոգածության ներքո են պահում Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկներին: Նրանք իրենց մարդասիրական գործունեությամբ նպաստում են այս երեխաների բուժմանը»,- նշել է Հայստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Սիմոնյանը:
Այս տարի նախագիծն իրականացվել է ՍԹԱՐ առևտրային ցանցի 27 խանութներում հատուկ արկղերի տեղադրմամբ, ինչպես նաև ընկերության ֆեյսբուքի էջում: Ստեղծվել է հատուկ բաժին «Ուզում եմ ապրել», որի միջոցով սոցիալական ցանցի օգտատերերը կարողացան աջակցել հիմնադրամին` պարզապես թողնելով քաջալերող հաղորդագրություն հիմնադրամի մանուկներին: Յուրաքանչյուր հաղորդագրության համար ՍԹԱՐ-ը պետք է հիմնադրամին փոխանցեր 50 դրամ: Նախագծի շրջանակում հաշվառվել է շուրջ 2000 հաղորդագրություն, ինչը կազմեց 100 000 դրամ: Այս ցուցանիշը ՍԹԱՐ-ը բազմապաատկել է 10 անգամ, և ստացվել է 1000 000 դրամ:
Բարերարների և նրանց արված նվիրատվության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ընկերության պաշտոնական կայքէջում` հետևյալ հղումով:
Լեյկեմիայով հիվանդ երեխաների բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի հիման վրա, 2009թ. սեպտեմբերի 9-ին: Հիմնադրամի նպատակն է բարձրացնել բուժման արդյունավետությունը.
• միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխան բուժում
• լեյկեմիայով հիվանդ երեխաների սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծում
• ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների ձեռքբերում
• արյունաբանների մասնագիտական որակավորման բարձրացում և վերապատրաստում
ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն առևտրային ցանցերից մեկն է: 2011թ. սեպտեմբերին ընկերությունը ձեռք բերեց «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը և «Քեթրին» խանութները, իսկ դեկտեմբերին պաշտոնապես հայտարարեց այդ ցանցերի կլանման մասին:
Ներկայումս ցանցը կառավարում է 30 սուպերմարկետ, որոնք յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 325 000 գնորդների և ապահովում ավելի քան 1800 աշխատատեղ:
Լինելով առաջատար մանրածախ առևտրի ոլորտում` ընկերությունը մշտապես փնտրում է նոր ուղիներ, որոնք կօգնեն զարգացնել կազմակերպությունը` առավելագույնս բավարարելով սպառողների պահանջները: ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առևտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների:






