Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը մտադիր է վերականգնվել իր աշխատանքում: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ անձամբ հայտնեց նախկին տնօրենը, նա նամակով դիմել է ՀՀ նախագահին «և այլ պաշտոնյաներին»` իր դեմ ընթացող քրեական գործի անաչառ վարույթն ապահովելու և վարչական դատարանի որոշումը բողոքարկելու խնդրանքով:
Սուսաննա Նազարյանի «ոդիսականը» սկսվել էր դեռ անցած տարի, երբ թիվ 2 ավագ դպրոցում սովորող Ալբերտ Հարությունյանը լրատվամիջոցներին պատմել էր, թե ինչպես տնօրենը դպրոցում հայհոյում ու վիրավորում է աշակերտներին: Ալբերտը և մի քանի այլ աշակերտներ պատմում էին, որ տնօրենը դպրոցում «իրեն վատ է պահում, իսկ նույն դպրոցում սովորող նրա որդին ու դուստրը կրթօջախում իրենց տեր ու տիրակալ էին զգում»:
Ի պատասխան հրապարակումների` պատիվն ու արժանապատվությունը վիրավորված նախկին տնօրենը հրապարակավ «թուրք» էր անվանել Ալբերտի տատիկին՝ 33 տարի նույն դպրոցում հայոց պատմության ուսուցչուհի Բահար Եղիազարյանին` օրիորդական ազգանունով Ջուլֆիգարովային, ով ազգությամբ ադրբեջանուհի է: Ի դեպ` տնօրենից դժգոհող աշակերտներին ու ծնողներին ժամանակին մի քանի անգամ անձամբ հանդիպել էր Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ինչպես նաև` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Մինչդեռ ծնողները գրավոր նամակ էին ուղարկել ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանին:
ԶԼՄ-ների հրապարակումներից և ծնողների բողոքներից հետո նախարար Աշոտյանը տեսչական ստուգում է իրականացրել Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում: Հայտնաբերել էին մի շարք ֆինանսական խախտումներ, և երկու նկատողությունից հետո, Սուսաննա Նազարյանը հեռացվեց դպրոցից: Վերջինս իրեն ազատելու վերաբերյալ նախարարի հրամանը փորձել է վիճարկել դատարանում:
Նախկին տնօրինուհու դեմ հարուցված է նաև քրեական գործ:
Այսօրվա ասուլիսի ժամանակ Սուսաննա Նազարյանը լրագրողներին հայտարարեց, թե իր դեմ հարուցված քրեական գործը «բանսարկությունների արդյունքում է» և իր դեմ «իրագործվել են զրպարտիչ գործողություններ», որոնց մեջ նա մեղադրեց պատմության ուսուցչուհուն, միտումնավոր նշելով նրա ադրբեջանական ծագումն ու ազգանունը:
Ըստ բանախոսի` Բահար Եղիազարյան-Ջուլֆիգարովան իր թոռան միջոցով միտումնավոր է հրահրել սկանդալը, քանի որ «մինչ այդ նկատուղություն էր ստացել դասավանդման ժամանակ հայոց պատմության խեղաթյուրելու համար»:
«Ադրբեջանցի ուսուցչուհին Հայոց եղեռնի թեման ուսուցանելիս հայերին ներկայացնում է իբրև դրդիչ կողմ: Դասաժամերից մեկին Բահար Մամեդովնան նույնիսկ պատռել է Հայաստանի քարտեզը: Երեխաները զայրացել և դասղեկին հրավիրել են պարզաբանման. դասղեկն իրավիճակը փրկել է ՝ սոսնձելով քարտեզը», – ասաց նախկին տնօրենը:
Սուսաննա Նազարյանը մեղադրում է պաշտոնի չարաշահման մեջ նաև Բահար Եղիազարյանի ամուսնուն, ով Էջմիածնի քաղաքապետի խորհրդականն է: Նախկին տնօրենի խոսքով, նա իր բոլոր լծակներն աշխատեցնում է և հասել իր պաշտոնանկությանը, թերթերից մեկի թղթակցին հրահրել է իրեն վարկաբեկող հոդված գրել: « Ջուլֆիգարովայի ամուսինը. պաշտոնական դիրքն ի չարս գործադրելով, քաղաքապետարան որևէ հարցով դիմած անձանց հորդորում էր հրաժարվել ստորագրություններից», - ասաց նախկին տնօրենը:
Նա նաև լրատվամիջոցներին տրամադրեց դպրոցի տեսախցիկներից արված տեսանյութերը, որոնք, իր խոսքով` արվել են մանկխորհի այն նիստի ժամանակ, երբ նա նկատողություն էր տվել Ջուլֆիգարովա – Եղիազարյանին, ինչպես նաև այն նիստի ձայնագրությունը, երբ վերջինիս հետ հեռախոսազրույցի ժամանակ դուստրը հայտնել է, որ թոռան վրա մատնահետքեր է մնացել, և թե Ջուլֆիգարովա – Եղիազարյանը խոստովանել էր, որ ինքն է անձամբ ապտակել երեխային, քանի որ վերջինս «հրել է տնօրենին»: Ի դեպ, բաժանելով սկավառակները, Սուսաննա Նազարյանը զգուշացրեց, որ ձայնագրումներում «որոշ խափանումներ կան»:
Սուսաննա Նազարյանը մտադիր է վերականգնվել իր նախկին պաշտոնին և գտնում է, որ խնդրի լուծումը ՀՀ նախագահի ձեռքում է. «Ես սիրում եմ իմ երկիրը, պիտի աշխատեմ իմ երկրում և վերականգնվեմ իմ աշխատանքում, որովհետև հավատում եմ մեր նախագահին»-, հայտարարեց Էջմիածնի թիվ 2 դպրոցի նախկին տնօրենը: