Ա. Աշոտյան. Լուրջ փոփոխության է ենթարկվելու բարձրագույն կրթական համակարգը
Կրթություն, գիտություն
13:12 26/06/2012

Ա. Աշոտյան. Լուրջ փոփոխության է ենթարկվելու բարձրագույն կրթական համակարգը

«Մենք արդեն սկսել ենք իրականացնել բուհական ինքնավարության և բուհական ազատությունների ընդլայնման քաղաքականություն: Պետական կոչվող բուհերը պետք է տարիների ընթացքում վերափոխվեն և վերածվեն հանրային բուհերի, որոնք իրենց գաղափարաբանությամբ սպասարկում են հանրությանն ու հասարակությանը, այլ ոչ թե պետությանը»,- այսօր անդրադառնալով կառավարության ծրագրով բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող փոփոխություններին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ այս ծրագիրն արդեն սկսվել է իրականացվել պիլոտային եղանակով Հայաստանի ագրարային համալսարանում: «Այն ՊՈԱԿ-ից վերածվել է հիմնադրամի, ինչն ավելի մեծ ազատություն է տալիս բուհին ֆինանսատնտեսական հարաբերություններում, կառավարչական գործունեության, գիտելիքի առևտրայնացման, ինչպես նաև շուկայում սեփական հատվածը գտնելու մեջ»,- հավելեց Ա. Աշոտյանը:

Նա նաև հայտնեց, որ խնդիր է դրվել մինչև 2017 թվականը ունենալ հայկական հինգ բուհեր, որոնք կհավատարմագրվեն միջազգային հավատարմագրման գործակալությունների կողմից:

Անդրադառնալով Բոլոնյան համակարգի գործառնությանը, բանախոսը նշեց. «Բոլոնյան համակարգում Հայաստանի ստանձնած քարտուղարության շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի Հայաստանում կուտակել և կենտրոնացնել կրթության ոլորտում բարեփոխումների եվրոպական լավագույն փորձը»:

Նախարարը նաև ասաց, որ սահմանվելու է բուհերում ուսման վարձերի վերին շեմ:

Անդրադառնալով գիտության ոլորտին, Ա. Աշոտյանը նշեց, որ տեղի են ունենալու կառավարման բարեփոխումներ` կառուցվածքային փոփոխությունների և ֆինանսավորման մեխանիզմների փոփոխությունների հստակեցման միջոցով:

Այնուհետև, պատասխանելով աղանդավորների կողմից դպրոցներում իրականացվող քարոզչության դեմ պայքարի մասին հարցին, բանախոսն ասաց, որ պայքարն ընթանալու է իրավական դաշտում և այդ պայքարում էմոցիաներ դրսևորել պետք չէ: Նա կոչ արեց ահազանգերին զուգահեռ ուղարկել տեսագրություններ և ձայնագրություններ, որպեսզի դրանք իրավական գործընթացներում որպես հիմք ծառայեն:

Placeholder
Ա. Աշոտյան. Լուրջ փոփոխության է ենթարկվելու բարձրագույն կրթական համակարգը