ՀԱԿ անդամ կուսակցության նախագահ. «Ես չեմ հավատում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը»
Օրվա մամուլ
10:01 29/06/2012

ՀԱԿ անդամ կուսակցության նախագահ. «Ես չեմ հավատում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը»

«Հրապարակ»-ին տված հարցազրույցում ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, խոսելով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին, ասել է. «Ես չեմ հավատում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, դա անիմաստ համագործակցություն եմ համարում, որովհետև ինձ համար քաղաքականությամբ զբաղվել` նշանակում է ժողովրդի հետ միասին քաղաքականություն իրականացնել: ԲՀԿ-ն ժողովրդի աջակցությունը չունի, միայն փողով գնված ձայներ են, և այնտեղ ժողովրդի գործոնը չկա: Եթե փողը հանենք, վերացնենք ընտրակաշառքը, ապա ինչի՞ համար պետք է ձայն տան ԲՀԿ-ին, ո՞ր գաղափարի, ո՞ր նպատակի համար …Ես որքանով գիտեմ` ԲՀԿ-ն Քոչարյանի պրոյեկտն է: …Ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև` առավել ևս, որ իրենք երկար տարի կիսել են իշխանությունը և բարեհաջող աշխատել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Ես չեմ տեսնում, թե որևէ բան է փոխվել, իսկ հիմա այս պատմություններն Օսկանյանի և ԲՀԿ-ի հետ համագործակցության, իսկապես, ինչպես գնահատում են, քաղաքական խաղ է, որը ես չեմ հասկանում:

Հարցին`«Ի՞նչու ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը շրջանցեց վերջին շրջանում ամենաաղմկահարույց իրադարձությունը. Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրգործի փաստին որևէ գնահատական չտվեց», Գիշիմյանը պատասխանել է. «Գիտեք, ես այդտեղ ևս տեսնում եմ փիառ տեխնոլոգիա: Ես չեմ հավատում, որ Օսկանյանի դեմ ինչ-որ քայլեր են ձեռնարկվելու: Պարզապես, որպես հավանական նախագահացուի, դնում են շրջանառության մեջ և աղմուկ սարքում, որ արևմտամետ մի թեկնածու կա: Այդ դեպքում և Հյուսիսը, և Արևմուտքը որոշակի դիրքորոշումներ պետք է հստակեցնեն: Այստեղ ավելի շատ քաղաքական խաղ եմ տեսնում»:

Placeholder
ՀԱԿ անդամ կուսակցության նախագահ. «Ես չեմ հավատում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը»