Ոստիկանապետը «Հարսնաքարի» գործի ազնիվ և թափանցիկ ընթացքը երաշխավորում է
Իրավունք
14:28 02/07/2012

Ոստիկանապետը «Հարսնաքարի» գործի ազնիվ և թափանցիկ ընթացքը երաշխավորում է

«Շատ լավ է, որ հանրությունն ըմբոստանում է և պահանջում, բայց եկեք օրենքը համարենք օրենք», - այսօր լրագրողներին ասաց ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե «Հարսնաքարի» ողբերգալի դեպքերի արդյունքում Վահե Ավետյանի մահվանից հետո պետք է արդյոք ծանրացնել մեղադրանքը:

«Նախաքննության ընթացքում, չեմ բացառում, որ որոշակի փոփոխություններ պետք է լինեն: Կլինե´ն, հնարավոր է, բայց, որ կլինեն արդար, ազնիվ և թափանցիկ` դա անկասկած», - ասաց Վ.Գասպարյանը, վստահեցնելով լրագրողներին, որ գործի ազնիվ և թափանցիկ ընթացքը երաշխավորում է:

«Ես, իհարկե, երաշխավորում եմ` բոլոր պարագաներում, իսկ այս պարագայում` նաև հիշեցնում, որ իմ ամբողջ կենսագրությունը բանակում եմ անցկացրել և սպա եմ», - ասաց ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում, որ հարուցված քրեական գործը առաջին իսկ օրը վերադարձվեց պաշտպանության նախարարությունից:

«Սկզբնական հայտարարություն եղել է «Հարսնաքարի» վարչակազմի կողմից, որ նրանց մոտ խուլիգանություն է տեղի ունեցել, պարզվել է, որ զինվորականներ են և գործն ուղղարկվել է պաշտպանության նախարարություն: Հանրապետության գլխավոր դատախազի հետ եկանք ընդհանուր հայտարարի, հասկացանք, ինչ է կատարվել` ո՞վ է սկսել, ո՞վ վերջացնել, և, բնական է, վերադարձվեց ըստ ընթացակարգի»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում որքանով է պատասխանատու Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ՀՀ Ոստիկանության պետն ասաց. «Կարծիքս օրենքի հետ համահունչ է: Նախաքննության պրոցես է ընթանում. այն բոլոր հարցերին կպատասխանի: Բնական է, որ նախաքննոթյունը լինելու է բացարձակապես թափանցիկ»:

Անդրադառնալով հուլիսի 1-ի գիշերը «Հարսնաքարում» պայթուցիկ նյութերով զինված զինվորականի ձերբակալությանը, Վ.Գասպարյանը հայտնեց, որ դրդապատճառների բացահայտման ուղղությամբ այժմ նախաքննություն է ընթանում: «Ոչ ոք չի կարող ուղղորդել, ոչ ոք չի կարող ներգործել: Ավելին ասեմ. մենք այս հարցով ավելի սկզբունքային ենք, դա անկասկած», - ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Նախորդող լուրը` Զինված քաղաքացին փորձել է պայթեցնել «Հարսնաքար»-ը

Placeholder
Ոստիկանապետը «Հարսնաքարի» գործի ազնիվ և թափանցիկ ընթացքը երաշխավորում է