Հայաստանում կկազմակերպվի ամրանների արտադրություն
Տնտեսություն
15:21 04/07/2012

Հայաստանում կկազմակերպվի ամրանների արտադրություն

ՀՀ կառավարության որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում է «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելուն։ Ձուլման արտադրամասի վերազինման և ամրանների արտադրության կազմակերպման նպատակով ընկերությունը ձեռք է բերում տարբեր հոսքագծեր, որոնք ներմուծվում են մասնատված վիճակում և տարբեր բեռնարկղերով, ուստիև ձևակերպվում նախատեսվածից տարբեր արժեքով։ «Ասկե գրուպը» կատարում է մոտ 7.87 մլրդ դրամի ներդրում և մտադիր է արտադրության վերազինումն ավարտել 2013 թվականին, ստեղծել մոտ 300 նոր աշխատատեղ։

Իր երկու որոշմամբ գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ընդունած երկու որոշումը, Հայաստանում չափագիտության և ստանդարտացման լիազոր մարմին ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, չափագիտության ազգային մարմին` «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, ստանդարտացման ազգային մարմին` «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն։ Բնագավառի աշխատանքը բարեփոխվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ և մոտարկվում Եվրամիության օրենսդրությանը։

Մեկ այլ որոշմամբ Էքսպո Միլան 2015 ցուցահանդեսին ՀՀ մասնակցության կազմակերպման աշխատանքի ընդհանուր համակարգման գլխավոր հանձնակատար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ մասնակցության ազգային օպերատոր` «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն։ Միլան էքսպոյին, որը տեղի է ունենալու 2015 թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը, մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 154 պետություն։ Ցուցահանդեսի խորագիրն է «Կերակրենք մոլորակը` կյանքի էներգիան»:

Placeholder
Հայաստանում կկազմակերպվի ամրանների արտադրություն