Ակադեմիկոս. Հայաստանում այսօր կա ավելի ուժեղ գրաքննություն
Հասարակություն
14:17 07/07/2012

Ակադեմիկոս. Հայաստանում այսօր կա ավելի ուժեղ գրաքննություն

«Հայկական հեռուստաեթերը, արվեստի բարձր մակարդակին հասցնելու և նոր սերունդներին դաստիարակելու փոխարեն` ավելի է վատթարացնում կրթադաստիարակչական մակարդակը»,- ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ակադեմիկոս, Մշակույթի ազգային ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը: Ըստ բանախոսի` առաջին հերթին հեռուստատեսությունը պետք է լինի ազգային և ազգապահպան, նոր միայն փորձի հարմարվել շուկայի պահանջներին:

Նա նաև կարծիք հայտնեց, որ հեռուստաեթերի ներկա որակի քննադատները օտարված են, իսկ նրանց դիտարկումներն անտեսվում են: Միաժամանակ, ըստ Արևշատ Ավագյանի, բոլոր հեռուստաալիքներն անում են, ինչ թելադրվում է մեկ կենտրոնից:
«Հայաստանում այսօր կա ավելի ուժեղ գրաքննություն, քան խորհդրային ժամանակներում է: Եթեր է հեռարձակվում միայն այն, ինչ թույլատրվում է կամ հանձնարարվում: Այստեղ խոսում է փողը. սա մշակույթ չէ», - ասաց նա` միաժամանակ նշելով, որ հեռուստաընկերությունները հաճախակի են ընկնում արտասահմանյան միտումների ազդեցությունների տակ:

Բանախոսի կարծիքով` հեռուստաեթերի որակը պետք է գտնվի պետության ուշադրության կենտրոնում:

Արևշատ Ավագյանը դժգոհեց, որ իր ընտանիքում երեխաները նայում են անորակ սերիալներ կամ գովազդ: Ի պատասխան Panorama.am-ի թղթակցի դիտարկմանը, թե ինչո՞ւ նա չի արգելում երեխաներին նման հաղորդում նայել, բանախոսը պատասխանեց. «Ծնողները մեծ հավատ ունեն հեռուստաընկերություների, պետության հանդեպ, և ամենի հանդեպ, ինչ գալիս է եթերից»:
 

Placeholder
Ակադեմիկոս. Հայաստանում այսօր կա ավելի ուժեղ գրաքննություն