Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շ.Պետրոսյան. Ազգային մշակույթը քարկոծելը կամ կեղծ կատեգորիա համարելը քաղքենություն է
Ազգային երաժշտության ու պարի պրոպագանդման բացակայության խնդիրների միակողմանի լուծում չի կարող լինել. անհրաժեշտ են համալիր միջոցառումներ: Ասուլիսում նման կարծիք հայտնեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրա խոսքով, նման վիճակ ստեղծվել է, քանի որ չկա մշակութային հստակ քաղաքականություն, հեռուստաընկերությունները չեն պրոպագանդում, առկա են ֆինանսական խնդիրներ, իսկ ներդրումներ են արվում «չմշակույթի, կեղծ մշակույթի մեջ ու դա տեսնում ենք հեռուստաընկերություններով». «Դաշտը չի վերահսկվում, իսկ հարկավոր է քաղհանել պաշտոնական բեմերը, անհասկանալի հայերենով երգերը: Մինչև չքաղհանվի այդ դաշտը, չհանվի մոլախոտը, մենք լուրջ մշակույթի զարգացման մասին խոսելը պետք է փոխադրենք այլ ժամանակ»:
Ըստ Գ. Գինոսյանի, ստեղծված վիճակի բարելավմանը կարող է նպաստել նաև այն, որ տեղի ունեցող կառավարական համերգներում բացակայեն ցածրորակ, ապազգային մշակույթը, պետական գումարներ հատկացվեն բարձրաճաշակ մշակույթին, ոչ թե պետական գումարներով նկարահանել բաներ, որոնք բացի դեգրադացումից այլ տեղ չեն տանում ապագա սերնդին: «Պետությունը խնդիր ունի դաստիարակել քաղաքացի, իսկ մշակույթի գերխնդիրը հայ տեսակը դաստիարակելն է, ինչն իսպառ բացակայում է»,- ասաց նա:
ՀՀ վաստակավոր երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ ասաց, որ ֆինանսական խնդիրների պատճառով հանրությունը չի կարողանում տեսնել տաղանդավոր արտիստների, ովքեր գումարի բացակայության պատճառով չեն կարողանում ցուցաբերել իրենց արվեստը: «Սովետական միության ժամանակ, երբ ամեն ինչ փակ էր, շատ ավելի հնարավորություն կար պահպանել մշակույթը, իսկ այսօր, այս ազատության մեջ, ոչ միայն չի ներկայացվում, այլ կոտրում է մեր մշակութային գիծը»,- ասաց երգչուհին ու ընդգծեց. «Ազգային մշակույթը քարկոծելը կամ կեղծ կատեգորիա համարելը քաղքենություն է»:
Նրա խոսքով, հայ ժողովուրդը թեև դարեր շարունակ պետականություն չի ունեցել բայց փեշերի տակ պահելով 21-րդ դար է հասցրել մեր գրականությունը, երաժշտությունը, եկեղեցին, իսկ այսօր այդ ամենը խեղաթյուրված է: