Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դուդուկի ձեռնարկ»` ուղղված ազգային նվագարանները պահպանելուն և սերունդներին փոխանցելուն
Ոչ մի այլ երաժշտական գործիք չի կարող ներկայացնել հայ ժողովրդի հույզերը ինչպես դուդուկը: Հայ ժողովրդի երաժշտական մշակույթի անցյալը, ներկան, ինչպես նաև ապագան անհնար է պատկերացնել առանց դուդուկի հնչողության, առանց նրա դյութիչ ձայնային ելևէջների: 20-րդ դարում հայ կատարողները բազմադարյա դուդուկն ու հայ երգը բարձրացրեցին համաշխարհային բեմ, և այսօր աշխարհում դուդուկը մեծ տարածում ունի: Դրա մասին են վկայում ԱՄՆ-ում և Եվրոպայում նկարահանված այն բազմաթիվ ֆիլմերը, որոնցում օգտագործվել են հայ դուդուկահարների կատարումները:
Այդուհանդերձ, այսօր Հայաստանում ազգային նվագարանները պահպանելու և սերունդներին փոխանցելու խնդիր ունենք: Ուստի դուդուկահարներն իրենց իսկ նախաձեռնությամբ փորձում են որոշակի քայլեր ձեռնարկել, մասնավորապես՝ հրատարակում են ուսուցողական ձեռնարկներ, որոնք կնպաստեն ազգային նվագարանների պրոպագանդմանը:
ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային նվագարանների պետական նվագախմբի դուդուկահար Արմեն Գրիգորյանը նույնպես նախատեսում է դուդուկի ձեռնարկ հրատարակել: Աշնանը կհրատարակվի դուդուկահարի հեղինակած եռալեզու «Դուդուկի ձեռնարկը»: Այն ոչ միայն դուդուկի կատարողական դպրոցի համար նախատեսված դասագիրք է, որտեղ զետեղված մեթոդական ցուցումները կնպաստեն աշակերտների տեխնիկական դժվարությունների հաղթահարմանը, ուսուցիչներին ծառայելով որպես դասավանդման ուղեցույց, այլև այն կարող է օգտակար լինել նաև երաժշտական ուսումնարանների և կոնսերվատորիայի ուսանողների համար:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Գրիգորյանը նշեց, որ ձեռնարկում ներկայացված են հոգևոր, ժողովրդական, գուսանական երգերի և պարեղանակների լավագույն նմուշներ: Նրա խոսքերով՝ ձեռնարկում նաև ընդգրկվել են այնպիսի ստեղծագործություններ, որոնք դուդուկի կատարմամբ մինչ օրս դեռ չեն հնչել, նույնիսկ դուդուկահարների մեծ մասը չեն պատկերացնում, որ դրանք կարելի է դուդուկով կատարել: Մինչդեռ, ըստ Ա.Գրիգորյանի, դրանք ծիրանափողով շատ գեղեցիկ են հնչում:
«Օրինակ՝ ձեռնարկում ընդգրկել եմ մի շատ գեղեցիկ ստեղծագործություն, որը դուդուկով առաջին անգամ ես եմ կատարել: Կարծում եմ, որ ձեռնարկի հրատարակումից հետո այդ գործը նաև մյուսներն էլ կկատարեն»,- ասաց Ա.Գրիգորյանը և հույս հայտնեց, որ իր ձեռնարկը բուն նպատակին կծառայի:
Նշենք, որ Ա.Գրիգորյանը շրջագայելով և ելույթներ ունենալով աշխարհի տարբեր երկրներում, հայկական դուդուկը ներկայացրել է օտարազգի հանդիսատեսին: Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, բացի այդ՝ երկար տարիների ուսուցչական փորձ ունի: Այսօր նրա աշակերտներից շատերը ճանաչված դուդակահարներ են և հայկական դուդուկը ներկայացնում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: