Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վճռական ենք, որ առաջին գծում իշխողի դերակատարությունը երբեք չզիջենք հակառակորդին. ԼՂՀ ՊԲ հրամանատար
Այս տարվա առաջին կիսամյակում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների քանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է երկու անգամ, իսկ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների քանակը` չորս անգամ: Անցած տարվա առաջին կեսին հակառակորդի կողմից երկու դիվերսիոն գործողություն է կատարվել, իսկ այս տարի արդեն չորս նման գործողություն է կատարվել: Դրանցից երկուսի դեպքում երեք զինծառայող վիրավորվել է, իսկ մեկը մահացել: Իսկ մյուսների դեպքում ժամանակին բացահայտվել է, և հակառակորդի խումբը կորուստներ կրելով, հեռացել է:
Այս և նախկին տարիների վիճակագրական տվյալները հիմք են տվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին կարծել, որ վերջին տարիներին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակը փոխվել է, և հակառակորդը տարեց տարի առաջնագծում լարվածությունը մեծացնում է:
Դրա պատճառները, ըստ նախարարի, մի քանիսն են` նախ այն, որ Ադրբեջանն այդպիսով փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և պատերազմն անխուսափելի է, մյուս կողմից փորձում է զորքը վարժեցնել, բարձրացնել մարտական ոգին, և վերջապես, լարվածությունը մեծացնելով, ադրբեջանական կողմը ամեն գնով ուզում է հարված հասցնի հայկական զինված ուժերին, որպեսզի մերոնք կորուստներ ունենան:
Մովսես Հակոբյանի խոսքով, երկար տարիների ընթացքում արցախյան բանակը կարողացել է իրագործել իր առջև դրված խնդիրը և տարածաշրջանում զսպողի համբավ է վայելում: «Խաղաղությունը տարածաշրջանում պաշտպանության բանակի ուժի շնորհիվ է, որ պահպանվում է: Մենք վճռական ենք, որպեսզի առաջին գծում իշխողի դերակատարությունը երբեք չզիջենք հակառակորդին: Եթե հակառակորդը հանկարծ մի պահ հասկացավ, որ ինքն իշխող է առաջնագծում, պատերազմ կլինի»,- հայտարարեց պաշտպանության բանակի հրամանատարը:
Պատերազմի հնարավոր վերսկսման մասին խոսելիս, գեներալ-լեյտենանտն ասաց, որ դա միշտ էլ հնարավոր է: «Այսօր էլ, այս պահին էլ Ադրբեջանը հնարավոր է վերսկսի պատերազմ: Բայց այդ դեպքում մենք նորից հաղթելու ենք: Եվ հաղթելու ենք, լինելով ավելի լավ իրավիճակում, քան այսօր կա: Բայց բոլոր դեպքերում, կարծում եմ ամենալավ ալտերնատիվը խաղաղությունն է, և մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը չվերսկսի: Ու այս պահին և մոտակա ժամանակներում կարծում եմ, պատերազմի վերսկսումը հանարվոր չէ»,- նկատեց Մովսես Հակոբյանը:
Հարցին, թե բավարարո՞ւմ է արդյոք միջազգային կառույցների աշխատանքը հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմից հրադադարի ցանկացած խախտման ու նաև զոհերի դեպքում հնչում են ընդհանուր բնույթի հայտարարություններ, Հակոբյանն ի պատասխան նկատեց, որ այդ կառույցների աշխատանքը իրեն և բավարարում է, և չի բավարարում: Ղարաբաղյան հակամարտության լուծման շրջանակներում միջազգային կառույցների գործունեությունը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարին գոհացնում է այնքանով, որ տարածաշրջանում նաև նրանց աշխատանքով պայմանավորված, խաղաղություն է տիրում:
«Նրանց գործունեությունը, սակայն, չի բավարարում այն առումով, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներից ու ոտնձգություններից հետո իրենք ընդհանուր հայտարարություններ են անում: Իհարկե, դա ինձ չի բավարարում, և այդ պահին ես ուզում եմ կոնկրետ պատասխան նրանցից: Բայց պետք է նկատել, որ իրենք մեզ էլ են մեղավոր ճանաչելու, որովհետև հակառակորդի ամեն մի սադրանքին, մենք պատասխանում ենք շատ խիստ և մի քանի անգամ ավելի զոհերով», -հավելեց ՊԲ հրամանատարը: