Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վ. Սահակյան. Я немножко устал… ուժ չունեմ պայքարելու, ծայրահեղ աղքատ վիճակում եմ…
Լրագրողներին չսիրող, ավելին` պարբերաբար նրանց հեռախոսով հայհոյող Վահրամ Սահակյանը այսօր, այդուհանդերձ, հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որպեսզի տեղեկացնի, որ իր անձնագիրը պատռել է ու շպրտել է Ազգային Ժողովի վրա. «Այս երկրում ապրել պետք չի»,- ընդգծեց նա:
Բայց հետաքրքիրն այն է, որ նա չի ուզում հեռանալ Հայաստանից, իսկ ճշտող հարցին, թե ե՞րբ է պատրաստվում, պատասխանեց` «երբ հավեսս գա»:
Ինչ վերաբերում է իր անվան շուրջ պտտվող վերջին ասեկոսեներին, թե օրերս նրան ծեծի են ենթարկել, սկանդալային Վահրամ Սահակյանը տեղեկացրեց, թե նման բան չի եղել. դա եղել է ուղղակի կատակ:
Իսկ թե ո՞րն է եղել կատակի նպատակը Վ.Սահակյանը որևէ հստակ բացատրություն չներկայացրեց, փոխարենը նշեց, թե իրեն մի քանի անգամ փորձել են կաշառք տալ, բայց թե ինչի համար` էլի մնաց առանց նորմալ բացատրության. «Ինձ մի քանի անգամ փորձել են կաշառք տալ…»,- թեմայից թեմա անցնելով նշեց Սահակյանը, այնուհետև անդրադարձավ նրան, որ Հայաստանում կա ընդամենը երեք անձ որոնք չեն կաշառվում` Վարդան Պետրոսյան, ինքը` Վահրամ Սահակյան ու Հրանտ Թոխատյանը: Այս երեքը «կաշառք չեն վերցրել ու չեն վերցնի:
«Я немножко устал…պայքարելու ուժ չունեմ»,- խոստովանեց բանախոսը ու նաև տեղեկացրեց, որ այս պահին չի էլ ստեղծագործում. «Ես ոչ մի բանի վրա չեմ աշխատում, գտնվում եմ ծայրահեղ աղքատ վիճակում, ոչ ոք ինձ չի հովանավորում… կատակ եմ արել, ներողություն եմ խնդրում, բայց այս երկրից իրոք պետք է գնալ»:
Միակ հասկանալի արտահայտությունը, որ արեց ասուլիսում սկանդալային հյուրը այն էր, որ նա ներողություն խնդրեց լրագրողներից, ում սեռական բնույթի հայհոյանք էր հասցրել հեռախոսազրույցում, երբ վերջիններս, բնականաբար չիմանալով, որ իր ծեծը ընդամենը կատակ է, զանգահարել էին տեղեկանալու իր առողջական վիճակից: