Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է. Դեպքի պահին նա չի եղել «Հարսնաքարում» (տեսանյութ)
Իրավունք
14:28 10/07/2012

Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է. Դեպքի պահին նա չի եղել «Հարսնաքարում» (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Հարսանքար»-ում կատարված ծեծկռտուքի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով բաժնի պետ Արսեն Այվազյանը:

Նրա խոսքով, հարցաքննության ընթացքում Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ այդ օրը եղել է Սևանում, ժամը 19-ի սահմաննրում այցելել է Երևանում գտնվող ռեստորանային համալիր, այնտեղ մնացել է 30 րոպե, որտեղից էլ գնացել է Ֆուտբոլի ակադեմիա, որը գտնվում է համալիրի հարևանությամբ:

«Դեպքի պահին Ռուբեն Հայրապետյանը ռեստորանային համալիրում չի գտնվել: Նրան մեղադրանք չի առաջադրվել, բավարար ապացույցներ չունենալու համար»,-հայտարարեց Այվազյանը` ընդգծելով, որ ոչ տուժողները, ոչ կասկածյալները Ռուբեն Հայրապետյանի անունը չեն տվել:

Հիշեցնենք, որ «Հարսանքար»-ում հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով սպանվել է զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է 6 անձ:
Ռուբեն Հայրապետյանն արդեն հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Հայրապետյանն այդ մասին դիմում է ներկայացրել նաև ԱԺ նախագահին:

Placeholder
Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է. Դեպքի պահին նա չի եղել «Հարսնաքարում» (տեսանյութ)