Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սյունիքի մարզպետը գումար է առաջարկել Ռաֆայել Քոթանջյանին` «խաղամ այնպիսի դեր, ինչպիսին ես եմ ուզում»
«Հաճախ եմ լինում դրսում, ընկերներ ունեմ, ովքեր ամեն տարի իրենց երեխաներին ուղարկում են Հայաստան: Մի օր հարցրեցի երեխաներից մեկին` կուզես մշտապես բնակվել Հայաստանում, ասաց «noooooooooo»: Այս պատասխանի մեջ իր դերակատարումն ունի նաև մեր հեռուսաընկերություններով ցուցադրվող սերիալները»,- ասուլիսում ասաց ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:
Նրա խոսքով, այսօր արտասահմանյան շատ հեռուսաընկերություններ սերիալների փոխարեն նկարահանում են հետաքրքիր ֆիլմեր, սակայն Հայաստանում այդ գործընթացն ուշանում է:
Ընդհանրապես խոսելով սերիալների մասին, նա ասաց, որ սցենարիստները նույնիսկ իրենք չգիտեն, թե ֆիլմի երրորդ-չորրորդ սերիալներում ինչ է լինելու, բայց նախապես հայտարարում են, որ 100 սերիա է լինելու:
Ռ. Քոթանջյանը նկարահանվել է հայկական միայն մեկ սերիալում` «Վրիժառու»: Դերասանն ասաց, որ չի ցանկանում նկարահանվել սերիալներում, քանի որ այդ դեպքում չի կարողանում ամբողջովին ինքնաարտահայտվել, միաժամանակ նշեց. «Կնկարահանվեմ այնպիսի սերիալներում, եթե սցենարը լինի լուրջ, հետաքրքիր, ոչ կրիմինալ»:
Ռ. Քոթանջյանն ասաց, որ մի երկու տարի առաջ ինքը հանդիպել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ով իրեն առաջարկել է գումար, որպեսզի «խաղամ այնպիսի բան, ինչպիսին ես եմ ուզում»: «Այդ գումարն ինձ դեռ պետք չի եղել: Բայց ես ունեմ ծրագիր` խաղալ թատրոնի բոլոր մեծ վարպետների երազած դերերը, որոնք նրանք այդպես էլ չհասցրեցին»,- ասաց Ռ. Քոթանջյանը: