Վիտալի Բալասանյանը քվեարկեց. «Հանուն Ղարաբաղի ապագայի»
Քաղաքական
11:27 19/07/2012

Վիտալի Բալասանյանը քվեարկեց. «Հանուն Ղարաբաղի ապագայի»

Ասկերանի մշակույթի տանը գտնվող ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց Արցախի նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանը: Լրագրողները նրան մի քանի հարց ուղղեցին:

-Հանուն ինչի՞ քվեարկեցիք, պարոն Բալասանյան:
-Հանուն Ղարաբաղի ապագայի, հանուն մեր անկախության և գերնպատակի` մեկ հայկական հանրապետության համար:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրություններից:
-Համոզված եմ, որ բոլորս միասին մեր մեջ կգտնենք այն ուժը և կանենք ամենակարևորը, որպեսզի Ղարաբաղի իմիջն ավելի բարձրանա, սկզբունքը` ազատ, արդար, թափանցիկ ընտրություններն են:

-Ի՞նչ հիմնախնդիրներ կան, որոնք առանջնահերթ լուծում են պահանջում:
-Նախ չավարտված պատերազմն է, որ հրատապ լուծման խնդիր ունի, այն պետք է վերջացնել: Երկրորդը Ղարաբաղի անկախության, բանակցություններին մասնակցության հարցն է, այնուհետև սոցիալ-տնտեսական խնդիրներն են, տնտեսության մեջ արդի մոտեցումներ ու նորամուծություններ կիրառելու հարցն է:

-Ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը:
-Նախ ես կհայտարարեմ, որ բոլորի նախագահն եմ, ընդհանրապես որևէ հետապնդումներ չեն լինելու, անկախ մարդկանց հայացքներից ու կուսակցական պատկանելիությունից ես կլինեմ բոլորի նախագահը: Չընտրվելու դեպքում մեր պայքարը կշարունակվի, մենք արդեն մինիմում խնդիրները կատարել ենք այս պահին: Ղարաբաղը զարթոնք է ապրելու:

-Չընտրվելու դեպքում կհայտարարե՞ք ընդդիմություն դառնալու մասին:
-Իհարկե, միանշանակ:

Բալասանյան Վիտալի Միխայիլի

Վիտալի Միխայիլի Բալասանյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի Ասկերան ավանում, ներկայում՝ քաղաք Ասկերան։

1976թ. ավարտել է Ասկերանի միջնակարգ դպրոցը, 1990թ.՝ Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ տնտեսագետի մասնագիտւթյամբ: 1977-1979թ.թ. ծառայել է խորհրդային բանակում։
1976-1990թ.թ. աշխատել է Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկությունում՝ տաղավարի վարիչ, արտադրության պետ - փոխտնօրեն:
1990թ. հանդիսացել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը։

1992թ. օգոստոսին նշանակվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998թ.թ.՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999թ.թ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999թ. սեպտեմբերից մինչև 2005թ. հունվարը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
2000թ. մարտին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
2000-2005թ.թ. միաժամանակ եղել է «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահը։

Ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
2005թ. խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Հանդիսացել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2007-2010թ.թ. աշխատել է ԼՂՀ Նախագահի խորհրդական։
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
2011 թվականից «Հավատք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Պարգևատրվել է ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, Հայաստանի Հանրապետության մի շարք շքանշաններով և մեդալներով, իսկ 2002թ. սեպտեմբերին արժանացել է ԼՂՀ բարձրագույն՝ «Արցախի հերոս» կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Placeholder
Վիտալի Բալասանյանը քվեարկեց. «Հանուն Ղարաբաղի ապագայի»