Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գեղեցիկ խոսքեր, կոսմետիկ փոփոխություններ. Իշխանյանը դատաիրավական բարեփոխումներից մեծ հույսեր չունի
Հայաստանի Հելսիկյան ասոցիացիայի նախագահ Ավետիք Իշխանյանը մեծ հույսեր չի կապում դատաիրավական բարեփոխումների նոր ընդունված ծրագրի հետ և ասում է` բոլոր ժամանակներում էլ Հայաստանի իշխանությունները ցանկացել են վերացնել կոռուպցիան դատաիրավական համակարգից, ստեղծել արդար դատական համակարգ:
«Որևէ իշխանություն չի ասել, որ իրենք որևէ բան չեն փոխում, սակայն համակարգում վիճակը շարունակում է մնալ նույնը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում 2012-2014 թթ դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի ներկայացման ժամանակ մեկնաբանելով արդարադատության նախարարի հայտարարությունը, ասաց Ավետիք Իշխանյանը:
Նրա համոզմամբ, դատաիրավական համակարգում տարատեսակ բարեփոխումների արդյունքում, միևնույն է, գլխավոր հարցը լուծում չի ստանում` պետք է ունենալ դատական իշխանություն այլ ոչ թե` համակարգ:
«Հենց դատական իշխանությունն է անկախ, դատական համակարգը անկախ չի լինում: Դատական իշխանությունը պետք է անկախ լինի գործադիրից և այս տեսակետից այս բարեփոխումների փաթեթում չեմ տեսել դրույթ, որ նախատեսվում է նախագահի դե-յուրե ազդեցությունը վերացնել այս բարեփոխումների ժամանակ», -նկատեց Իշխանյանը:
Բանն այն է, որ Դատական օրենսգրքով նախագահը արդարադատության խորհրդի կողմից ներկայացված դատավորների ցուցակից իր նախընտրությամբ նշանակում է դատավորներ: Այսինքն, ըստ Իշխանյանի, արդարադատության խորհրդի և նախագահի միջև ամեն ինչ համաձայնեցված է: «Հետևաբար այդ ազդեցությունը վերացնելուն միտված որևէ փորձ ես չեմ տեսել այստեղ, մնացածը ուղղակի գեղեցիկ խոսքեր են ու կոսմետիկ փոփոխություններ: Այս ծրագրի հետ ես մեծ հույսեր չեմ կապում», -նկատեց Ավետիք Իշխանյանը:
Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանն էլ կարծում է, որ անկախության բավարար մակարդակ Հայաստանի դատական համակարգը չունի: «Եթե բավարար մակարդակ լիներ, այս ծրագրի անհրաժեշտությունը չէր լինի», -արձագանքելով Ավետիք Իշխանյանի դիտարկմանը` նկատեց նա: Բայց նաև նշում է` այնպես էլ չէ, որ ոլորտում հաջողություններ չեն եղել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հույս էր հայտնել, որ 2012-2014 թթ դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքում կլինի արդար, կոռուպցիայից և քաշքշուքներից զերծ դատական համակարգ:
«Անելու ենք ամեն հնարավորը, որ համակարգը զերծ պահենք կոռուպցիայից և բյուրոկրատական քաշքշուկներից: Այս ծրագրի գլխավոր պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է և դրա իրականացումը մեզ համար պատվի հարց է: Ծրագրի իրականացման արդյունքում ես տեսնում եմ Հայաստանի վաղվա օրը, որտեղ լինելու է արդար դատական համակարգ», - ասել էր Հրայր Թովմասյանը: