«Արմավիա»-ն պատրաստ է երկրորդ չվերթին դեպի Սիրիա, սակայն ե՞րբ
Հասարակություն
14:26 26/07/2012

«Արմավիա»-ն պատրաստ է երկրորդ չվերթին դեպի Սիրիա, սակայն ե՞րբ

«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ պատրաստ է շաբաթական երկրորդ չվերթն իրականացնել դեպի Սիրիա.

««Արմավիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է բացելու շաբաթական 2-րդ չվերթը դեպի Սիրիա՝ ՀՀ կառավարության և Սփյուռքի նախարարության աջակցությամբ, և այդ դեպքում ավիատոմսերը կլինեն գրեթե անվճար, ինչպես տարիներ առաջ Լիբանանյան դեպքերի ժամանակ», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Panorama.am-ը փորձեց ճշտել, թե Կառավարության ու Սփյուռքի նախարարության աջակցությունն ինչով է արտահայտվելու, գուցե ավիատոմսի` այս կառույցների կողմից արժեքի փոխհատուցմամբ: Սակայն «Արմավիա»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Այվազյանը մեզ տեղեկացրեց, որ այս պահին «Արմավիան» բանակցություններ է վարում Կառավարության հետ, որպեսզի հնարավորինս արագ երկրորդ չվերթն իրականություն դառնա: Եվ երբ պարզ լինեն մանրամասները` հավելյալ այդ մասին կհայտարարվի:

Նշենք, որ Երևան-Հալեպ-Երևան ավիատոմսն արժե շուրջ 237 հազար դրամ, իսկ մի քանի օր առաջ Panorama.am-ին ավիաընկերությունից հայտնեցին, որ մինչև օգոստոսի վերջ այս ուղղությամբ բոլոր տոմսերը վաճառված են:

Նախորդիվ` 

«Արմավիա». Մինչև օգոստոսի վերջ վաճառված են Հալեպ-Երևան չվերթի բոլոր տոմսերը

 

Placeholder
«Արմավիա»-ն պատրաստ է երկրորդ չվերթին դեպի Սիրիա, սակայն ե՞րբ