Երևանում անցկացվելու է կրկեսային միջազգային մրցույթ
Մշակույթ
09:00 26/07/2012

Երևանում անցկացվելու է կրկեսային միջազգային մրցույթ

Առաջիկա ամսվա ընթացքում ֆիլհարմոնիայի դահլիճում Միջազգային հայկական կրկեսային գործիչների միությունը կկազմակերպի իր առաջին միջոցառումը` բարեգործական կրկեսային ներկայացումներ` ծնողազուրկ, անապահով ընտանիքների երեխաների համար: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց միության նախագահ, «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Իոսիֆ Պետրոսյանը: Նրա խոսքով, ներկայացումները կշարունակվեն 4-5 օր ու նվիրված կլինեն անվանի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի մահվան 40-րդ տարելիցին:

Ընդհանրապես, խոսելով նորաստեղծ Միջազգային հայկական կրկեսային գործիչների միության մասին, Ս.Պետրոսյանն ասաց. «Վերջերս մեծ դժվարությամբ կարողացանք ստեղծել միությունը, որը իմ երազանքն էր: Բացի այդ, արդեն հասունացել էր պահը. չկա մի երկիր, որտեղ հայ կրկեսային գործչի հանդիպած չլինեմ ու բոլորը ինձ հարցնում էին, թե ինչու չստեղծենք Երևանում միություն: Ու ստեղծվեց, ես ընտրվեցի միության նախագահ»:

Նրա խոսքով, միությունն ունենալու է երկու մասնաճյուղ. Մոսկվայի մասնաճյուղը ղեկավարելու է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայել Բաղդասարովը, իսկ Ֆրանկֆուրտի մասնաճյուղը կղեկավարի իր որդին: Առաջիկայում հնարավոր է, որ ԱՄՆ-ում էլ բացվի մասնաճյուղ: Միությունը մոտավորապես կունենա 1000-1200 անդամ: «Միությունը խթան կհանդիսանա կրկեսային արվեստի զարգացմանը»,- ընդգծեց նա:

Ս.Պետրոսյանն ասաց, որ միությունը պետք է պատրաստվի Երևանի կրկեսի վերաբացումից հետո առաջին ներկայացմանը. «Կրկեսի բոլոր հայ վարպետները ցանկանում են ելույթ ունենալ բացման արարողությանը: Մենք բոլորս միասին կորոշենք` ով կմասնակցի»: Բացի այդ, ծրագրվում է 2014 թվականի մայիսին Երևանում անցկացնել կրկեսային միջազգային մրցույթ:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Երևանի կրկեսը վերանորոգումից հետո կբացվի 2013 թվականի վերջին ու ամանորն այնտեղ կդիմավորեն: «Անվտանգությունից ելնելով օրեր առաջ մենք պայթեցրեցինք կրկեսի գմբեթը, որը 16 մետր էր ու խախուտ էր: Նոր կառուցվող գմբեթն ունենալու է 21 մետր, ինչը հնարավորություն կտա մասսայական կրկեսային օդային ատրակցիոններ կազմակերպել, որը մենք չէինք կարողանում անել»,-ասաց Սոս Պետրոսյանը:

Placeholder
Երևանում անցկացվելու է կրկեսային միջազգային մրցույթ