Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Յուրմալայում օրերս տեղի ունեցած «Նոր Ալիք 2012» երիտասարդ կատարողների երգի միջազգային մրցույթից Հայաստանը ներկայացնող Երևանի Կոնսեվատորիայի սան Սուրեն Առուստամյանը վերադարձել է «շատ լավ, դրական, բուռ տպավորություններով»: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երիտասարդ կատարողը, որը մրցույթում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:
«Այդ տասը օրերի փորձերը, Ալեքսանդր Ռևզինի խորհուրդները օգնեցին ինձ ինչպես այդ մրցույթի ժամանակ, այնպես էլ կօգնեն հետագայում: Սկզբում երկու երգերը փոխվեցին, իսկ դա այլ ճյուղ էր, որում ես նույնպես ինձ փորձեցի, դա ինձ համար անսովոր էր, հատկապես, որ առանց կիթառի պետք է բեմ բարձրանամ, դա ինձ շատ դուր եկավ, բայց չեմ կարծում, որ ոճային փոփոխություններ կլինեն հետագայում»,-ասուլիսում հայտարարեց նա:
Ասուլիսին ներկա «Նոր Ալիք-2012» երգի մրցույթում հայաստանցի ներկայացուցչի պրոդյուսեր Իրինա Վարդանյանի խոսքով, մրցույթի ժամանակ առողջ մթնոլորտ է եղել մասնակիցների միջև: Նրա խոսքով, փորձերի ժամանակ իրենք հաղթողների բոլորովին ուրիշ եռյակ էին կազմել, բայց «այս մրցույթը անկանխատեսելի է»: «Սուրենը շատ լավ ելույթ ունեցավ, ինքը փորձերին ավելի վստահ էր երգում, մրցութային օրերին էլ ամեն ինչ շատ հուզիչ էր մեզ համար», -նկատեց պրոդյուսերը:
Սուրենն ինքը իր համար որպես ֆավորիտ, համարել է Ուկրաինայի մասնակցին, ի տարբերություն հաղթած մասնակիցների: «Ես ինձ համար չեմ ասում, կային մասնակիցներ, որոնց գանահատականների հետ ես համաձայն չէի, բայց ես մենակ մտածում էի, դուրս գամ, լավ ելույթ ունենամ, իսկ մնացածը շատ անկանախատեսելի է: Մրցույթում ինձ համար ֆավորիտ էր Ուկրաինայի մասնակիցը, սակայն մենք միայն ընկերներ էինք, որևէ սիրային եռանկյունի չի եղել»,-ասաց նա` մեկնաբանելով իրենց միջև սիրային կապի մասին լուրերը:
Նշենք, որ «Նոր Ալիք 2012» երիտասարդ կատարողների երգի մրցույթում հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Niloo-ն: