Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում շուրջ 140 ուղևոր բողոքի ակցիա է կազմակերպել` դեպի Շարմ Էլ Շեյխ չվերթը արդեն մի քանի օր անհիմն պատճառաբանությամբ հետաձգելու համար: «Սփոթ Էյր» ավիաընկերությունը, որը պետք է իրականացներ օգոստոսի 7-ի գիշերը, ժամը 03:30-ին ծրագրված չվերթը, հրաժարվել է ուղևորներ տեղափոխել Հայաստանից, իսկ «Հեփի վոյաժ» ընկերությունը, որը 140 ուղևորի վաճառել է տոմսերը, չվերթի հետաձգման որևէ հստակ պատճառաբանություն չի ներկայացնում:
«Գիշերվա չվերթը չի կայացել, մեզ զանգել ասել են, որ առավոտյան ժամը 9-ին պետք է լինի ու այստեղ նորից իմանում ենք, որ այդ ժամին էլ չվերթ չկա: Ու մեզ անորոշ հիմնավորումներ են ներկայացնում: Առավոտյան ժամը 7-ից այստեղ բոլոր ուղևորներս բողոքի ակցիա ենք անում: Մեզ մոտեցել են երկու հոգի` «Հեփի վոյաժ» ընկերությունից, մեկը Մանե Մելքոնյան անունով, մեկ ասաց, որ տնօրեն է, մեկ էլ հրաժարվեց, ու ասաց, որ չգիտի ինչի է չվերթը հետաձգվել, ներողություն խնդրելու փոխարեն, մարդկանց հետ մուննաթ է գալիս», -Panorama.am-ին ներկայացնելով իրավիճակը, ասաց բողոքող ուղևոր Վարդուհի Մելտոնյանը:
Նա ասաց, որ Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան ուղևորատոմսը գնել է 8 օրվա համար, սակայն հանգստի երկու օրն արդեն անցել է հետաձգումների պատճառով: «Հեփի վոյաժ» տուրիստական ընկերության աշխատակիցները, ուղևորի խոսքով, անընդհատ փախչում են և չեն մատնանշում հստակ օր` երբ կիրականացվի չվերթը:
«Մենք տեղեկություն ունենք, որ այդ ընկերությունը պարզապես չի վճարել «Սփոթ Էյր» արաբական ավիաընկերությանը, այդ պատճառով էլ նրանք հրաժարվում են գալ Հայաստան և չվերթ իրականացնել», -փոխանցեց Վարդուհին` ընդգծելով, որ եթե հանկարծ այսօր ժամը 20:00-ին չվերթ չիրականացվեց, ինչպես խոստացել են, ապա իրենք բոլոր հնարավոր իրավական միջոցներն օգտագործելու են` իրենց գումարը հետ ստանալու համար:
Panorama.am-ը փորձեց կապ հաստատել «Հեփի վոյաժ» ընկերության հետ` հասկանալու ինչն է խնդիրը, որ չվերթ չի իրականացվել, սակայն նրանց հեռախոսը չէր պատասխանում: Նրանց տեսակետը կփորձենք ներկայացնել քիչ ուշ: