Դավիթ Բաբայան. Արցախը պատրաստ է ընդունել սիրիահայերին
Տարածաշրջան
14:24 13/08/2012

Դավիթ Բաբայան. Արցախը պատրաստ է ընդունել սիրիահայերին

«Այդ հիմնախնդիրը պետք է դիտարկել տարբեր հարթություններում: ԼՂՀ իշխանությունները չեն կարող անտարբեր մնալ սիրիահայերի հարցով ու հնարավորություն չտալ բնակություն հաստատել Արցախում»,- Panorama.am-ի հարցին, թե հաշվի առնելով տեղեկություններն այն մասին, թե սիրիահայերի մի մասը ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Արցախում, ինչպիսի՞ն է այս հարցում պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքերով, Արցախի իշխանություններն այդ հարցում առավել շահագրգռված են, քանի որ խոսք է գնում սիրիահայերի ֆիզիկական ոչնչացման մասին:

«Արցախցիները, ովքեր բազմիցս նման կոտորածների ականատեսն են դարձել, ոչ մի դեպքում արգելք չեն հանդիսանա սիրիահայերի՝ Արցախում հաստատվելուն և ամեն ինչ կանեն նրանց համար արժանապատիվ պայմաններ հաստատելու հարցում»,- ասաց Դ. Բաբայանը:

Panorama.am-ի հարցին, թե ադրբեջանական կողմն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել սիրիահայերի՝ Արցախում հնարավոր բնակություն հաստատելու հարցով, վերջինս ասաց. «Ադրբեջանը հետևյալ քաղաքականութունն է հետապնդում. թող սիրիահայերը զոհվեն, բայց ոչ մի դեպքում բնակություն չհաստատեն Արցախում: Այս ամենն ուղղակի սարսափելի է, ոչ մարդկային մոտեցման արդյունք: Ադրբեջանի այդ մոտեցումը չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին:

Նման քաղաքականությամբ առաջնորդվող երկիրն իրավունք չունի նման հարթությունում «խցկվել»: Չմոռանանք, որ ժամանակին Ադրբեջանը փորձում էր Խոջալուում բնակեցնել թուրք մեցխեթցիներին, որոնք կենտրոնական Ասիայից էին փախել: Պատերազմական գործողությունների նախաշեմին նա այդ մարդկանց թիրախ էր դարձրել՝ հետագայում նրանց դարձնելով կրկնակի փախստականներ»:

Ըստ Դ. Բաբայանի, «եթե մեր հայրենակիցները ցանկություն հայտնեն բնակություն հաստատել Արցախում, մենք սիրով կաջակցենք այդ նախաձեռնությանը»: 

Placeholder
Դավիթ Բաբայան. Արցախը պատրաստ է ընդունել սիրիահայերին