Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի մասնակիցները զորակցություն են հայտնել սիրիահայ համայնքին
Կրթություն, գիտություն
17:25 15/08/2012

Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի մասնակիցները զորակցություն են հայտնել սիրիահայ համայնքին

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի աշխատանքները, որոնք տեղի է ունեցել օգոստոսի 10-14-ը: Երկու տարին մեկ գումարվող խորհրդաժողովին մասնակցել են Սփյուռքի 19 երկրների, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի շուրջ 140 ներկայացուցիչներ:

ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` քառօրյա խորհրդաժովի 8 լիագումար նիստերում և 6 մասնախմբերում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կրթական հարաբերությունների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման հետ կապված խնդիրներ: Հիմք ընդունելով Սփյուռքի և Հայաստանի կթական ոլորտի ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկությունները` ընդունվել է Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բանաձևը.

• Շարունակել աշխատանքները հայագիտության ոլորտի միասնական կրթական չափորոշիչների մշակման և ներդրման ուղղությամբ` սահմանելով ակնկալվող գիտելիքների նվազագույն և առավելագույն մակարդակները, դրանց գնահատման չափանիշները:

• Միջպետական բանակցությունների միջոցով բարձրացնել Սփյուռքի կրթական հաստատություններում դասավանդվող հայագիտական առարկաների կարգավիճակը համապատասխան երկրներում օրենսդրորեն ամրագրելու հարցը և նպաստել հայկական կրթական հաստատությունները տվյալ երկրի պետական պետական կրթական ոլորտում ներգրավելու գործընթացին:

• Շարունակել ՀՀ ԿԳՆ-ի աշխատանքը սփյուռքահայ կրթօջախների համար ստեղծվող և ձեռքբերվող դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, հայագիտական գրականության տպագրության և ըստ անհրաժեշտության տարածման ուղղությամբ : Աշխատանքներ տանել Սփյուռքում հայալեզու կրթության վարկանիշի բարձրացման ուղղությամբ:

• Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի ուսուցիչների ու աշակերտների շրջանում կազմակերպել Հայոց ցեղասպանությանը նվիրված համահայկական միջոցառումներ, մշակել և տարածել ուսումնաօժանդակ նյութեր:

• Շարունակել Սփյուռքի մանկավարժների վերապատրաստման դասընթացները Հայաստանում և տեղերում` իրականացնելով ինչպես մեկամսյա, այնպես էլ կարճաժամկետ խորհրդատվական դասընթացներ` առարկայական, մանկավարժամեթոդական, հոգեբանական ուղղություններով` շեշտադրելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը:

• Տարածաշրջաններում ուսումնամեթոդական աշխատանքների համակարգված իրականացման նպատակով՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում կազմակերպել վերապատրաստող ուսուցիչների դասընթացներ` համապատասխան ուսումնական ծրագրով:

• Կատարելագործել վերապատրաստման ծրագրի և նրա արդյունքների մշտադիտարկման համակարգը:

• Նախապատրաստական աշխատանքներ իրականացնել հեռավար վերապատրաստման ծրագրերի իրագործման ուղղությամբ:
• Սփյուռքի կրթօջախները բարձրագույն մանկավարժական կրթությամբ մասնագետներեվ համալրելու նպատակով` նպաստել գործող ուսուցչների հեռակա, լրացուցիչ կրթության կազմակերպմանը` առանձնացված ծրագրերով:

• Սփյուռքում մանկավարժական կադրերի բացակայության դեպքում` աջակցել Հայաստանից մանկավարժներ ապահովելով:
• Աշխատանքներ տանել համահայկական վիրտուալ միջավայրի զարգացման ուղղությամբ` նպաստելով խորհրդաժողովի քննարկումների շարունակականությանը:

• Նպաստել օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը:

Ընդունված բանաձևում կարևորվել է նաև հայոց լեզվի ուսուցման, արևելահայերենի, արևմտահայերենի, դասական ողղագրությամբ ձեռնարկների ստեղծման ու տարածման խնդիրը, ինչպես նաև նպաստել Հայաստանում հրատարակվող մանկապատանեկան ամսագրերում Սփյուռքին հատկացված բաժինների պատրաստմանը և դրանց էլեկտրոնային տարբերակների ստեղծմանը: Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի մասնակիցները Սիրիայում ստեղծված իրավիճակի կապացությամբ նաև զորակցություն են հայտնել սիրիահայ համայնքին:
 

Placeholder
Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի մասնակիցները զորակցություն են հայտնել սիրիահայ համայնքին