Փոլ Մաքքարթնին միացել է Pussy Riot խմբի պաշտպաններին
Մշակույթ
17:24 16/08/2012

Փոլ Մաքքարթնին միացել է Pussy Riot խմբի պաշտպաններին

Անգլիացի աշխարհահռչակ ռոք երաժիշտ Փոլ Մաքքարթնին համալրել է Ռուսաստանում անազատության մեջ գտնվող Pussy Riot փանք խմբի երեք անդամների պաշտպանության ցանկը` նամակ հղելով ձերբակալվածներին: Նամակի տեքստը, «Լենտա.ռուի» փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել պրոդյուսեր Ալեքսանդր Չեպարուխինը:

«Հուսով եմ, որ դուք ուժեղ կգտնվեք: Ես, ինչպես և շատերը, ովքեր հավատում են խոսքի ազատությանը, ամեն ինչ կանենք ձեզ և ստեղծագործական ազատության սկզբունքը պաշտպանելու համար», - գրել է Մաքքարթնին:

Հիշեցնենք` Pussy Riot փանք խմբի անդամները` Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը, արդեն հինգ ամիս է` անազատության մեջ են. նրանց դատում են Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում կատարած «փանք աղոթքի» համար, որի ընթացքում աղջիկները «Տիրոջն» աղոթել են Պուտինին «վտարելու» համար։ Ռուսական Ուղղափառ Եկեղեցին կտրուկ դատապարտել էր աղջիկների արաքը, իսկ դատախազությունը մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով:

Մեղադրող դատախազը պահանջել է աղջիկներին դատապարտել 3 տարի ազատազրկման: Սպասվում է, որ դատավճիռը կհրապարակվի արդեն այսօր:

Ռուսաստանում և երկրի սահմաններից դուրս փանք խմբի պաշտպանության հսկայական շարժում է սկսվել` աղջիկներին իրենց աջակցությունն են հայտնել ռուսաստանցի մտավորականներ, համաշխարհային աստղեր, ինչպես օրինակ Մադոննան, Բյորկը, Սթինգը, Red Hot Chili Peppers-ը, Ֆրանզ ֆերդինանտը: Աղջիկների նկատմամբ դատավարությունը ուշադրության է արժանացել ԱՄՆ- ի եվրոպական մի շարք երկրների ԱԳ գերատեսչությունների մակարդակով, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել դատական գործընթացի առնչությամբ: 

Placeholder
Փոլ Մաքքարթնին միացել է Pussy Riot խմբի պաշտպաններին