Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիի քաղաքապետն սկսել է ամբողջ քաղաքի տարածքները վաճառել. «Ում ինչ պետք է, եկեք-տարեք, թող Սամվելին հեչ բան չմնա»
«Հրապարակ» օրաթերթին Աննա Մինասովնա ներկայացած մի կին գրել է. «Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը, իմանալով, որ էլ չի լինելու քաղաքապետ, սկսել է ամբողջ քաղաքի տարածքները վաճառել, էն էլ` չնչին գներով: Իր շրջապատը հողերն առավ, ու մի բան էլ հիմա լավություն է անում` ասելով, թե` ժողովուրդ, ում ինչ պետք է, եկեք-տարեք, թող Սամվելին հեչ բան չմնա: Ավագանին ամեն օր նիստ է անում և օտարման որոշումներ ընդունում: Բացի էդ, Վարդանիկը սկսել է տանել նաև քաղաքապետարանի գույքն ու խալիները, TV-ները»:
Մեկ այլ աղբյուր, ով մոտ է կանգնած Գյումրիի քաղաքական անցուդարձին, տեղեկացրել է, որ Վարդան Ղուկասյանն այնքան էլ «ավարտված» գործիչ չէ: Չի բացառվում, որ Վարդանիկի հակառակորդները զգուշանում են, որ վերջինս ներքին պայմանավորվածություններ ձեռք կբերի, այդ թվում` քրեական հեղինակությունների մակարդակով, և կտապալի Բալասանյանի ընտրությունը:
«Կադաստրին մոտ մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս օրերին քաղաքապետարանը շատ զգույշ է գույքին վերաբերող գործարքների նկատմամբ: Անգամ շինարարության թույլտվություններն են դադարեցվել: Մյուս կողմից զարկ է տրվել ներքին պայմանավորվածությունների վրա հիմնված փոխշահավետ գործարքներին: Օրինակ, քաղաքում կան բազմաթիվ բնակիչներ, ովքեր քարաշեն տներ ունեն, և միաժամանակ բնակարանների հերթում են: Նրանք պետք է ապահովվեն բնակարաններով, սակայն ոչ առաջնային կարգով, քանի որ տներ ունեն և անօթևան չեն համարվում: Այժմ Գյումրիում միտում կա փոխել այս քարաշեն անշարժ գույքի սեփականության իրավունքը, այն դարձնելու ուրիշի անունով, իսկ բնակչին ներգրավելու առաջնահերթության ցուցակներում: Փոխշահավետ գործարքն ավարտվում է բնակարան ստանալու պահին: Կոռուպցիոն այս սխեման շատ ավելի անվտանգ է իրագործողների համար, քան հողահատկացման ուղիղ որոշումները: Մեր տեղեկություններով, այս ուղղությամբ ստուգումներ են անցկացվելու պատկան մարմինների կողմից»,- գրում է թերթը: