Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ գյուղնախարարությունը մթերող կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջները տրամադրել է ՀՀ տարածաշրջանների գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններին` գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրային գործընթացն ակտիվացնելու և գյուղմթերքի գնումների գործընթացը կազմակերպված անցկացնելու համար:
Ըստ «Փաստինֆո» գործակալության, այսօր «Հայացք» ակումբում այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նա միաժամանակ նշել է, որ զգալի առաջընթաց է արձանագրվել հայ գյուղացու աճեցրած բարիքն արտահանելու ուղղությամբ: Ըստ նրա՝ Հայաստանից այս տարվա գյուղմթերքի արտահանման պահանջարկը կազմել է 28.880 տոննա, որից ծիրանը կազմել է 14.860, խաղողի պահանջարկը 10.300, դեղձինը` 2500 և բանջարեղենինը՝ 4.300 տոննա: Փոխնախարարը նշել է, որ գյուղմթերքի արտահանման ծավալը նախորդ տարվա ցուցանիշները գերազանցում է 16.400 տոննայով:
Ի դեպ, լավ արդյունքներ են արձանագրվել նաև մթերող կազմակերպությունների և վերամշակող ձեռնարկությունների այս տարվա ներկայացրած պահանջարկի չափաքանակներում: Ըստ փոխնախարարի՝ հանրապետության մթերող կազմակերպությունները ներկայացրել են 46.418 տոննա բանջարեղենի և 34 855 տոննա պտղի մթերման պահանջ, որը զգալիորեն ավելի է անցյալ տարվա ցուցանիշներից:
Աղբյուրի համաձայն, մամլո ասուլիսում, այնուամենայնիվ, զգացվել է, որ գյուղմթերքի մթերման քաղաքականության իրականացման առումով կան զգալի կազմակերպական դժվարություններ: Օրինակ, ըստ փոխնախարարի, որոշ վերամշակող ձեռնարկություններում համապատասխան մթերումներ իրականացնելու, ծավալներ ապահովելու կամ սեփականատերերի աշխատանք կատարելու ցանկությունը շարժելու համար պետք է գործի գցվեն ինչ-ինչ պարտադրող մեխանիզմներ, որոնց օրենսդրական կամ իրավական կարգավորման գործիքները այդպես էլ չպարզաբանվեցին: Այդ ամենը, ինչպես ասաց փոխնախարարը «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին, դեռ գտնվում են հայեցակարգային մակարդակում: Իսկ թե ինչու ՀՀ կառավարությունը մթերումների քաղաքականությունը օրենսդրորեն կարգավորելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս, այդպես էլ մնաց անհայտ: