Հ.Դեմոյան. Անհասցե, անանուն, խմբակային գործողություններին հումորով եմ վերաբերվում
Հասարակություն
14:09 24/08/2012

Հ.Դեմոյան. Անհասցե, անանուն, խմբակային գործողություններին հումորով եմ վերաբերվում

«Եթե այդ անձնավորությունները չեն ներկայանում մարդկային կերպարանքով, անուն ազգանունով, թեկուզ մտահոգ են ու քննարկում են անում, ցանկացած այդպիսի անհասցե, անանուն խմբակային գործողությունների հումորով եմ վերաբերվում»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով մի խումբ պատմաբանների, արվեստագետների, գրողների, բանասերների կողմից նախօրեին կազմակերպած քննարկումն ու ընդունած որոշումը` բաց նամակ հղել ԳԱԱ ղեկավարությանը` պահանջելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին ազատել պաշտոնից, ասաց Հայկ Դեմոյանը: Նշենք, որ, նման պահանջի հիմքն այն է, որ Հ.Դեմոյանն իր ատենախոսությունը գրել է ռուսերեն, բացի այդ աշխատանքում կան խեղաթյուրումներ, լեզվական սխալներ:

Ըստ նրա, այդ մարդկանց նման վարքագիծը նա համարում է պարապության և պահանջված չլինելու հետևանք: «Ցանկություն կա դաշտում երևալ` ինչ-որ մեկին թիրախավորելով, հայհոյելով, խնդիր բարձրացնելով, բայց հիմքում պարապությունն է»,- ասաց Հ. Դեմոյանը:

Իսկ թե ինչո՞ւ է ատենախոսությունը գրել ռուսերեն հարցին, նա պատասխանեց, որ օրենքը թույլ է տալիս: «Եթե այդ մարդիկ լինեին գրագետ, կհասկանային, որ Դեմոյանի որոշմամբ կամ ցանկությամբ չէր ատենախոսությունը գրել ռուսերեն: Գոյություն ունի կարգ ու դիմելով այդ կարգին՝ իրավունք էի ստացել այլ լեզվով գրել իմ աշխատանքը: Դա չի նշանակում, որ նսեմացրել եմ հայերենը կամ այդպիսի ցանկություն եմ ունեցել: Բացի այդ, ատենախոսության թեման` Թուրքիա, ղարաբաղյան հիմնահարց, շատ կարևոր է ու պետք է ավելի լայն լսարանի հասու լինի: Շուտով թարգմանվելու է նաև անգլերեն»,- ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը, ապա ընդգծեց, որ այդ մարդկանց համար հետաքրքիր չէ, երբ հղում ես տալիս օրենքին:

Placeholder
Հ.Դեմոյան. Անհասցե, անանուն, խմբակային գործողություններին հումորով եմ վերաբերվում